Անցկացվելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը. հանձնարարվել է ուժեղացնել ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Ինչպես տեղեկանում է ոստիկանությունից, մասնակցում էին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի եւ մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։

Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը, որի նպատակն է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ եւ անվտանգ երթեւեկություն։

Հանցագործությունները, մասնավորապես՝ գողության ու գրպանահատության դեպքերը կանխելու նպատակով Կամո Ցուցուլյանը հանձնարարել է ուժեղացնել ծառայությունը տոնավաճառների եւ գրենական պիտույքների վաճառակետերի մոտ։ Խոսվեց նաեւ ուսումնական հաստատությունների շրջակայքում գծանշումների թարմացման մասին։

Հանձնարարվել է համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը բոլոր դպրոցների մոտ լինեն թարմացված գծանշումներ։

Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվեցին ծառայության կազմակերպման վերաբերյալ հարցեր։

--00--ԱՀ