«Աշոտ Բեկորի գաղափարները դեռ պետք է իրականանան»․ Ստեփանակերտում տեղադրվել է Աշոտ Ղուլյանի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

f63173932e8597_63173932e85d8.thumb_.jpg

Այսօր Ստեփանակերտում, Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անունը կրող համար 2 հիմնական դպրոցի բակում տեղի է ունեցել նրա կիսանդրու բացման արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Ղուլյանի կիսանդրին կանգնեցնելու մտահղացումն իրականություն է դարձել Արցախի Հանրապետության կառավարության և ավստրալահայ բարերար Շանթ Կրաջյանի համաֆինանսավորմամբ, ՀՅԴ նախաձեռնությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ:

Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը պատմել է, որ հերոսի կիսանդրին կանգնեցնելու գաղափարը վաղուց էր հասունացել։ Դեռևս 2018 թվականին նման առաջարկություն էր ներկայացրել նաև Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի տնօրենը։

«Այսօր Բեկորի կիսանդրու կողքին կանգնած են մեր փառապանծ բանակի զինվորներն ու նոր սերունդը։ Պատահահական չէ նաև, որ Աշոտի հայացքը սևեռված է դեպի Շուշին։ Այս ամենը մեծ խորհուրդ ունի առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարները դեռևս իրականանալի են»,- ասել է Դավիթ Իշխանյանը:

Կրթօջախի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանն ընդգծել է, որ կրթօջախն Աշոտ Ղուլյանի անունը կրում է 1993 թվականից:

«Նրա կիսանդրու տեղադրումը կարևոր իրադարձություն է մեր դպրոցում: Այն առավել, քան պարտավորեցնող է և մեծ հրամայական ունի մեզ՝ ապրողներիս: Բեկորի վաշտը ձևավորվել է մեր դպրոցում, այս պատերի ներքո են շարվել նրա տղաները, և այս բակից են նրանք գնացել ռազմաճակատ։ Ցավոք շատերը չեն վերադարձել»,- ասել է Լաուրա Մարտիրոսյանը:

Կիսանդրու բացման արարողությանը ներկա են եղել Արցախի Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պետական այրեր, հյուրեր, դպրոցականներ:

--00—ԶՀ