1988-ի տերն էլ ենք մենք, 2020-ի պատասխանատուներն էլ. համախմբվե՜նք հանուն մեր նոր Վերածննդի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նկար

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով 1988-ի փետրվարյան իրադարձություններին, երբ «ժողովրդի աստեղային ժամն էր», և այդ համատեքստում նաև նոր իրողություններին:

Գրառումը՝ ստորև.

«Ինքս ինձ համոզում եմ, որ մեր ժողովրդի աստեղային ժամը 1988թ. փետրվար – 2020 թ. սեպտեմբեր ժամանակահատվածով չի սահմանափակվելու, որ մենք դեռ բռունցքվելու կարողություն և ուժ ունենք:

1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում թափ հավաքող ազատագրական շարժումը մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշմամբ ստացավ համաժողովրդական բնույթ, ծավալվելով Մայր Հայաստանում և Սփյուռքի տարբեր կենտրոններում, համալրվեց ազգային բաղադրիչով և այդպես էլ բյուրեղացավ՝ եռամիասնության ձև ու բովանդակություն տալով մեր վերելքին: Այդ օրերին ու դրանից հետո ամբողջ աշխարհը համակրում, ինչ-որ տեղ նույնիսկ նախանձում էր մեզ:

2020թ. սեպտեմբերի 27-ի պատերազմը մենք դիմավորեցինք պառակտված, իրար հանդեպ անվստահության ու կասկածների մթնոլորտում, մեր կյանքում տեղ գտած բացթողումներն անհիմն մեծամտությամբ քողարկելով և պետական կառավարման համակարգը զգալիորեն թուլացրած: Աշխարհը մեզ չէր համակրում, նախանձելու մասին խոսելն էլ անիմաստ է:

Արժե՞ արդյոք, այս նկարագրությունից հետո լրացուցիչ բացատրություններ տալ մեր հաղթելու հիմքերի ու պարտվելու պատճառների մասին: 1988-ի տերն էլ ենք մենք, 2020-ի պատասխանատուներն էլ: Մենք այսօր խիստ կարիք ունենք նոր ազգային զարթոնքի ու նոր վերածննդի:

Համախմբվե՜նք հանուն մեր նոր Վերածննդի»: