Սերժ Սարգսյանը կարևորում է Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը․ 3-րդ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի արդյունավետ անցկացման և հաջող ավարտի առթիվ անձամբ իր և իր գլխավորած քաղաքական ուժի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նաև կուսակցության նոր ղեկավար կազմի ընտրության և Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում Սի Ծինփինի վերընտրության կապակցությամբ:  

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Սի Ծինփինի ղեկավարությամբ չին ժողովուրդը կշարունակի համընդհանուր բարեկեցությամբ պետություն կառուցելու և «Չինական երազանքը» կյանքի կոչելու փառավոր պատմությունը: 

Միջազգային հարաբերություններում աճող գլոբալ անկայունության պայմաններում Սերժ Սարգսյանը կարևորել է Չինաստանի հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը, այդ թվում՝ Հարավային  Կովկասի տարածաշրջանում։

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը նոր խթան կհաղորդի միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանի հանրապետական կուսակցության և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև համագործակցության նոր համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը։ 

ՀՀ երրորդ նախագահը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին և ամբողջ չին ողջ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարգավաճում:

--00—ԼՄ