Ադրբեջանցիները հայ երեխաներին վնասվածքներ են հասցրել և պատռել նրանց շորերը․ Գետավանի գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ն

Հայ երիտասարդների վրա հարձակված ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ հատուկ ծառայության աշխատողներ են եղել։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի ղեկավար Արարատ Զախարյանը՝ անդրադառնալով երեկ Մատաղիս-Քարվաճառ երթուղու միջադեպին։

Դեկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Եվ շարասյան մարդատար ավտոմեքենայից քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներ սադրել են մոտակայքում եղած հայ երիտասարդներին։

«Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ», - նշում էր հաղորդագրության մեջ։

Գետավանի համայնքապետը 24News-ին ասաց, որ հարևան գյուղից 3 երիտասարդներ Գետավան գնալիս են լինում, երբ դեպքը տեղի է ունենում․ «Ադրբեջանցիները ճանապարհ չեն տալիս, որ երեխաներն անցնեն։ Երեխաները մոտիկանում են ու ասում՝ «Տղե՛րք, ճանապարհ տվեք, անցնենք»։

Ադրբեջանցները խփում են երեխաներին, առաջանում է վեճ։ Խաղաղապահների միջոցով վեճը կասեցվում է»։ Արարատ Զախարյանն ասաց, որ «Վազ 2107» մեքենայի՝ հայ երիտասարդների վրա հարձակված ադրբեջանցիներին էլի է տեսել ադրբեջանական շարասյուներն ուղեկցելիս։

Համայնքապետն ասաց, որ վիճաբանությունից հետո է իմացել ու դեպքի վայր ժամանել։ «Երեխաների շորերն են պատռվել, մարմնական վնասվածքներ են ստացել։ Թուրքերը եղել են 30 ավելի մարդ։ Բայց մի մասն են մասնակցել։ Մեր կողմից սկզբում 3 հոգի են եղել, հետո մոտակայքում ուրիշ հայ երիտասարներ տեսել են, որ ծեծկռտուք է առաջացել, մոտիկացել են։ Հետո խաղաղապահները մոտիկացել, բաժանել են», - եզրափակեց նա։

Արցախի ՆԳՆ նաև հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, «այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ