30-ամյա տղամարդը թմրամիջոցը գնել էր տելեգրամյան ալիքի միջոցով․ ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը։

Դեկտեմբերի 10-ին Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2-րդ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են Ախուրյանում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։

Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 փաթեթ՝ մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով և շուրջ 1 գրամ կրիստալի նմանվող զանգվածով։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Նույն օրը, ժամերի տարբերությամբ , բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության երկրորդ դեպքը։ Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցում ձերբակալեցին 32-ամյա մի երևանցու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգված։ Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։

Հաջորդ բացահայտումը դեկտեմբերի 11-ին էր։ Կումայրիի բաժնի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերեցին և ձերբակալեցին Շահինյան փողոցում բնակվող, 30-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտաբերվածը թմրամիջոց էր, որը գնել էր տելեգրամյան ալիքի միջոցով։

Նույն օրը երեկոյան Կումայրիի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության 4-րդ դեպքը։ Նրանք Գյումրիի Օդանավակայանի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Կումայրիի բաժին տարան 28-ամյա մի գյումրեցու։

Նրա խուզարկությամբ հայտաբերվեց 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով:

Բոլոր դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ