Վատիկանում ավարտվել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

1101105

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավարտվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նախկին քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորության արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է РИА Новости գործակալության թղթակիցը:

Սգո պատարագը մատուցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հուղարկավորության արարողության ժամանակ նա իր խոսքում հիշել է այն իմաստությունը, զգայունությունն ու նվիրվածությունը, որ Բենեդիկտոս XVI-ը դրսևորել է իր կենդանության օրոք:

Հռոմի նախկին պապի հուղարկավորությանը ներկա են եղել կաթոլիկ բարձրաստիճան կղերականներ և հազարավոր հավատացյալներ: Սգո արարողությանը մասնակցել է Սիքստինյան կապելլայի երգչախումբը։ Հանգուցյալի աճյունն ամփոփող մայրու փայտից դագաղը դրված է եղել կարմիր պատգարակի վրա, իսկ դագաղի վրա՝ Բենեդիկտոս XVI-ի կողմից օգտագործված Վարդարանը:

Հունվարի 2-ից Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվում էր Բենեդիկտոս XVI-ին հրաժեշտ տալու արարողությունը: Երեք օրվա ընթացքում շուրջ 200 հազար հավատացյալ է այցելել տաճար, որտեղ դրված էր Հռոմի նախկին պապի աճյունը:

Բենեդիկտոս XVI-ը մահացել էր դեկտեմբերի 31-ին։ Նա 95 տարեկան էր։ Նախկին քահանայապետն առողջական խնդիրներ ուներ, որոնք վերջին ժամանակներս խորացել Էին։ Բենեդիկտոս XVI-ը Հռոմի պապի աթոռն զբաղեցրել Է 2005-2013 թվականներին։ Նա Հռոմի 265-րդ պապն Էր։ 2013 թվականի փետրվարին նա պաշտոնապես վայր Էր դրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի լիազորությունները։

Գահից հրաժարվելուց հետո Բենեդիկտոս XVI-ը որոշում Էր ընդունել մեկուսացված կենսակերպ վարել, չմասնակցել եկեղեցու կառավարման գործին և իր ժամանակն ամբողջությամբ նվիրել աղոթքին և մտորումներին: Նա այս որոշումը բացատրել էր այն բանով, որ բավարար ուժ չուներ կաթոլիկ եկեղեցին արդյունավետ ղեկավարելու համար։

Գահից հրաժարվելուց հետո նա ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող վանքում։ Բենեդիկտոս XVI-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունվել էր Գերմանիայի փիլիսոփայության և աստվածաբանության բարձրագույն դպրոց, այնուհետև սովորել Մյունխենի համալսարանում։ Աբեղա Էր ձեռնադրվել 1951 թվականին, եպիսկոպոսական հոգևոր աստիճան ստացել՝ 1977 թվականին: Նա ակտիվորեն ուսումնասիրել էր փիլիսոփայություն և աստվածաբանություն, ինչպես նաև դասավանդել այդ առարկաները Մյունստերի և Տյուբինգենի համալսարաններում։

Տիրապետում էր մի քանի օտար լեզուների։ Բենեդիկտոս XVI-ը վեց դարերի ընթացքում առաջին պապն էր, որ հրաժարվեց գահից: Նրա հրաժարականից հետո Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորում է արգենտինացի Խորխե Բերգոլիոն, ով Հռոմի պապ ընտրվելուց հետո անվանակոչվել է Ֆրանցիսկոս։

--00—ՅՄ