«ԳԱԶ-24»-ում և ռետինե նավակում ապօրինի որսացած սիգ ու ձկնորսական ցանցեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

սիգ

Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում կատարված հերթական շրջագայության ժամանակ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 9-ին Հայրավանք բնակավայրի լճափնյա հանգստյան գոտիներից մեկում ստուգել են նույն բնակավայրի 54-ամյա բնակչի ռետինե նավակը: Հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ և ձկնորսական ցանց, որոնք տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում հունվարի 9-ին շրջայց են կատարել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները: Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհի լճափնյա հատվածում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-24» մակնիշի մեքենան: Հայտնաբերվել են ապօրինի որսած ընդհանուր 24 կգ քաշով սիգ և ձկնորսական ցանց: Սևան քաղաքի 71-ամյա բնակիչ վարորդը և Ծովազարդ գյուղի 65-ամյա բնակիչ ուղևորը հայտնել են, որ հայտնաբերված ձկներն ապօրինի որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից:

Հայտնաբերվածը տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

--00—ԼՄ