Հույս ունենք, որ հումանիտար խնդիրները Թուրքիայի հետ հնարավորություն կտա լուծել քաղաքական հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Հարց - Պարոն Փաշինյան, Դուք հիմա նաև Թուրքիային եք օգնում այս սարսափելի երկրաշարժի հետ կապված։ Ի՞նչ եք կարծում, կա՞ն արդյոք հարաբերությունների բարելավման հեռանկարներ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Հնարավո՞ր է, որ այս սարսափելի աղետն առիթ հանդիսանա ձեր հարաբերություններում փոփոխության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Գիտեք, Թուրքիա հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելու որոշման հիմքում մենք ունեինք միայն մարդասիրական շարժառիթներ, քանի որ մեր հարևանությամբ միլիոնավոր մարդիկ էին տառապում, բայց այս ընթացքում մենք թուրքական կառավարությունից բավականին դրական ռեակցիայի ականատես եղանք, և եթե այս քայլն ունենա նաև քաղաքական հետևանքներ, դա կլինի էլ ավելի լավ։ Բայց մեր սկզբնական շարժառիթը զուտ մարդասիրական էր, և ինչպես մենք հայտարարել էինք, պատրաստ ենք ցուցաբերել այնքան մարդասիրական օգնություն, որքան մեր հնարավորությունները ներում են, և մենք պատրաստ ենք դա անել։

Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, անկեղծ ասած, մինչև երկրաշարժը մենք արդեն հաստատել էինք քաղաքական երկխոսություն հատուկ ներկայացուցիչների միջոցով, և ես կարծում եմ, այդ երկխոսությունը շատ կարևոր է։ Ես նկատի ունեմ համապատասխան մթնոլորտ ստեղծելու առումով, որտեղ այս որոշումները կայացվեցին։ Եվ մենք կարծում ենք, որ այս մարդասիրական երկխոսության կոնտեքստում քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություններն էլ ավելի բարձր կլինեն։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և կարծում ենք, որ դիվանագիտական կապերի հաստատումը Թուրքիայի հետ և մեր սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենան ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի հետ կապված, այլ նաև միջազգային իրավիճակի առումով։

--00—ԼՄ