Ալավերդին դարձել է հսկա համայնք բազում խնդիրներով, բայց զարգացման հնարավորություններով. Թամազյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1
Նախորդ տարի սեպտեմբերին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում Ալավերդի խոշորացված համայնքում հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Ախթալա համայնքի այն ժամանակվա ղեկավար Արկադի Թամազյանի գլխավորությամբ: 

24news-ը զրուցել է նրա հետ հասկանալու համար, թե խոշորացման արդյունքում թվով ամենաշատ բնավայրերն ունեցող համայնքներից մեկում կառավարումն ստանձնելուց հետո ինչ բարեփոխումներ են արդեն իրականացվել և ինչպես են պատկերացնում տարիների կուտակված խնդիրների  լուծումը։

- Պարո՛ն Թամազյան, ինչպիսի՞ն է այսօր Ալավերդին, և ի՞նչ փոխվեց համայնքում ձեր կառավարման կես տարվա ընթացքում.

-Ալավերդին դարձել է հսկա համայնք, իր բազում խնդիրներով, բայց զարգացման կայուն հնարավորություններով: Գլխավոր բարդությունը բնակավայրերի և աշխատակազմի կառավարման ամբողջ լծակների կենտրոնացման խնդիրն էր, որին կարողացանք հասնել կարճ ժամանակամիջոցում: Համայնքում ցանկացած երևույթի նկատմամբ կարծիքները և գնահատականները միշտ հարաբերական են: Աննշան թվացող արդյունքի հետևում կան ներդրված ջանքեր, միջոցներ և ժամանակ, ինչին, իհարկե, բնակիչն անտեղյակ է: Փոփոխությունը ցանկացողի համար միշտ էլ նկատելի է, անկախ դրա չափից և վիճակից:

-Ինչպիսի՞ն են ձեր և «Ապրելու երկիր» կուսակցության հարաբարություններն ընտրություններից հետո:

- Իմ և «Ապրելու երկիր» կուսակցության հարաբերությունները, որոնք ձևավորվել են կարճ ժամանակահատվածում, ունեն կայուն հիմքեր և համագործակցության լուրջ հեռանկարներ: Կուսակցության ղեկավարությունը, թիմը, մենք բոլորս մեր հաղթանակից անմիջապես հետո զբաղված ենք Ալավերդիում առկա խնդիրների՝ օր առաջ լուծմամբ։

Այսօր էլ, չբացելով փակագծերը, պիտի նշեմ, որ առաջիկայում համայնքում սպասվում են մասշտաբային ծրագրեր, որի վերաբերյալ պայմանավորվածություններ կան «Ապրելու» հիմնադրամի հետ՝ կայուն ներդրումների տեսքով: Ինչպես գիտեք՝ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մեր համաքաղաքացին է, և իր սրտացավությունը ևս կա համատեղ ծրագրերի իրագործման մեջ:

-Այս ամենից զատ՝ կա՞ն այլ համագործակցող կողմեր:

-Իհարկե: Կարճ ժամանակամիջոցում կայուն հիմքեր ենք ձևավորել, թե տեղի, և թե դրսի համագործակցող շրջանակների համար: Գործընկերային ամուր հարաբերություններ ունենք մեր համայնքում գործող ամենախոշոր մասնավոր ընկերության հետ, և արդեն կազմել ենք համատեղ աշխատանքների իրականացման ծրագիր։ Դրանք ևս լինելու են մասշտաբային և սպասված բնակչության կողմից: Համագործակցային համատեքստում բաց ենք ցանկացած առաջարկության և կողմի համար: Կարևորում ենք ցանկացած հետաքրքրություն, որը կարող է իր նպաստը բերել մեր համայնքին:

-Թե 2017 թ. և թե 2022 թ. անցկացված ՏԻՄ ընտրություններում ձեր պայքարը եղել է իշխանական թեկնածուների դեմ: Ինչպե՞ս են եղել կամ այսօր ինչպե՞ս են շարունակում մնալ ձեր հարաբերությունները իշխանությունների հետ:

-Հարաբերությունները, որպես այդպիսին գլխավորապես եղել են աշխատանքային բնույթի, և բավականին կայուն վիճակում, որի արդյունքում շահել է համայնքը և բնակիչը: Ճիշտ է, փորձության նման նախորդ տարի ևս վիճակված էր պայքարել նաև իշխող կուսակցության ներկայացուցչի հետ, որը գնահատում եմ նորմալ: Ասեմ ավելին, որ ինձ համար կարևոր է փոխգործակցությունը՝ անկախ շրջանակից, անկախ կառույցից կամ անունից, գլխավորը, որ այն ծառայի ի շահ համայնքին և նրա բնակչին: Ինչպես համայնքի, այնպես էլ պետության կառավարումը որոշում է քաղաքացին, և այդ որոշումը գերակա է ցանկացածի համար: Կարևորը, իհարկե, արդյունավետ համագործակցությունն է, որը, մեխանիզմի դետալների նման շաղկապված, փոխազդելով, կունենա իր արդյունքը:

-Հանրության շրջանում կան մտահոգություններ կապված սպասվող խոշորացման հետ: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը այդ ամենի վերաբերյալ և արդյոք նոր ընտրությունների դեպքում կմասնակցեք դրանց:

-Համայնքում խոշորացման մասին լուրերին չեմ տիրապետում, այս պահին չկան նմանօրինակ մտահոգություններ: Նոր ընտրությունների վերաբերյալ հարցին կարող եմ պատասխանել հետևյալ կերպ, որ մենք այս պահին զբաղված ենք միայն համայնքային խնդիրների լուծմամբ և ժամանակն ու կատարված աշխատանքները կորոշեն մեր մասնակցության հանգամանքը նոր ընտրության պարագայում: Մեզ հնարավորություն է տրվել ծառայել համայնքին, և  գլխավոր մտահոգությունը այն պատվով հաղթահարելու կարևորությունն է: Ինչ էլ որ լինի, այս պահին շարժվում ենք միայն այդ բանաձևով:

-Այնուամենայնիվ, բնակիչներն օր առաջ ու միանգամից են ուզում տեսնել բոլոր խնդիրների լուծումը։ Ի՞նչ կասեք ալավերդցիներին, ե՞րբ են նրանք տեսնելու իրենց իրենց ուզած արդյունքոը։

-Մեր բնակիչներին ամենագլխավորը կցանկանամ համբերատարություն: Մեր առջև դրված նշաձողերը բավականին բարձր են, և այն համայնքի մոդելը, որ ցանկանում ենք ունենալ՝  հասանելի է և իրագործելի մեզ համար: Շատ անգամներ միջոցները միայն բավարար չեն, և ժամանակ է պետք դրան հասնելու համար: Կարևորն այն է, որ մեր թիմը, որ լծվել է համայնքի կայունության և զարգացման գործին, գիտի իր անելիքը, ճանաչում է իր բնակչին, գիտի վերջինիս պահանջները, և պատկերացնում է համայնքի ապագան: Կարևորն այն է, որ չկան վերջնակետեր, կատարված փոքր աշխատանքից անգամ ոգևորությունը կրկնապատկվում է: Մենք շնորհակալ ենք մեր բնակչին վստահության և հավատի համար: 

Շնորհակալություն:

--00—ԼՄ