Ապավինելով թշնամու ողորմածությանը՝ մենք նույն կործանումն ու անկումն ենք նախապատրաստում. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Մոռացությունն ու գահավիժումը ամսաթիվ ունի։ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մեզ տարավ դեպի անկում, որովհետև չգնահատեցինք այն մարդկանց, ովքեր խորքային նվիրում ունեին հայոց պետականությանը և հասկացել էին, որ հայ ժողովրդի ազատությունն ու ապագան իր ձեռքերում է։ Պետք է ուժեղանալ, տնտեսապես զարգանալ, պետք է ռազմական հզորությունը գտնել մեր զինվորի բազկում և կարողանալ համահունչ լինել աշխարհի զարգացմանը։ Այս մասին «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցության և «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի իրականացմանը աջակցություն կցուցաբերի «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։ «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծն ուղղված է Երևանի արդիականացմանը, մեր մայրաքաղաքին նոր շունչ ու կյանք հաղորդելուն։

Տիկին Թանդիլյանը նշեց, որ ցավոք սրտի, այդ գահավիժումը շարունակվում է նաև այսօր․ «Նժդեհի մարգարեական խոսքերը, որը մենք այն ժամանակ մոռացության ենք մատնել տեղի է ունենում մեր աչքի առջև, ասել է թե՝ այն ժողովուրդը, որն իր անհրաժեշտ ուժը փորձում է ուրիշ տեղերում, իրենից դուրս գտնել նախապատրաստում է իր անկումն ու պարտությունը։ Եվ այսօր, ապավինելով թշնամու ողորմածությանը՝ մենք նույն կործանումն ու անկումն ենք նախապատրաստում»,-ասաց Թանդիլյանը։

Նա նշեց, որ Նժդեհը նաև հույս է տվել, ասել է, որ ժողովրդի վտանգված ապագան վերականգնելու խաղաթուղթը վերադաստիարակվելն է․ «Ասել է թե դասեր քաղել, արժանին մատուցել այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ հիմք են դրել մեր մեջ ազատության ձգտմանը, պետության գիտակցմանը և այդ նպատակը հետապնդելուն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ