Ալիևը նախկինում ասում էր՝ «Ղարաբաղ ու Արևմտյան Զանգեզուր», իսկ հիմա՝ «Ղարաբաղ ու Զանգեզուր»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Screenshot 2023-05-10 122641

Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի առթիվ ելույթ է ունեցել օկուպացված Շուշիից: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ ներկայացնելով նրա ելույթի հիմնական կետերը՝ բառացի մեջբերումներով՝

« «Ադրբեջանցի ժողովրդի աղետները սկսվեցին Հեյդար Ալիևի՝ պաշտոնից հեռացումից հետո: Եթե նա մնար իշխանության, հայ ազգայնականները չէին կարող նման կեղտոտ քայլեր ձեռնարկել մեր պետության դեմ: Հայ ազգայնականները այն ժամանակվա Ադրբեջանի ծախված իշխանությունների հետ միասին միավորվել էին Հեյդար Ալիևի դեմ:

Շուշին 1992-ի մայիսին կորսվել է պետական դավաճանության արդյունքում: Ժողճակատ–Մուսավաթ զույգը Շուշին հանձնեց իշխանության գալու համար:

Մայիսի 2-ից մինչ օրս Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում դրվել են 10 գյուղերի հիմքերը։ Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ ցանկությունը Շուշին, Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատ տեսնելն էր:

Մենք մեծացրել ենք այնպիսի երիտասարդների, ովքեր կարող էին լեռը դնել լեռան գագաթին, և նրանք իրականում դա արեցին: Մենք դաստիարակել ենք այնպիսի երիտասարդ սերունդ, որը, դրսևորելով բարոյական և ֆիզիկական բարձր հատկանիշներ, ազատագրել է տարիներով օկուպացված հողերը և գրեթե թեթև սպառազինությամբ ազատագրել այնպիսի անառիկ ամրոց, ինչպիսին Շուշին է:

Մենք ոչ մեկից կախված չենք, ոչ մեկի գործերին չենք խառնվում։ Բայց որևէ մեկին թույլ չենք տալիս և թույլ չենք տա քիթը խոթել մեր գործերի մեջ ՝ լինեն դրանք քաղաքական հարցեր, լինեն դրանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցեր, լինեն դրանք Ադրբեջանի անբաժանելի մաս կազմող Ղարաբաղի հարցը։ Ոչ մեկին թույլ չենք տվել և թույլ չենք տալու։ Դա ապահովելու համար մենք ունենք կամք և ուժ

Մենք Ղարաբաղն ու Զանգեզուրը նորից ենք կառուցում:

Երկրորդ ղարաբաղյան պատերազմը մեր պատմական հաղթանակն է: Սա պետք է ներկայացվի մեր դասագրքերում, պատմության մեջ՝ որպես հերոսական էպոս:

Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, Ադրբեջանում մարդիկ ազատ են ապրում:

Կան երկրներ, որտեղ այլ ժողովրդի ներկայացուցիչները չեն կարող ապրել։ Օրինակ ՝ Հայաստանը։ Հայաստանը, որի բնակչությունը 99,9 տոկոսով բաղկացած է հայերից: Սա փաստացի ցույց է տալիս այդ երկրի ֆաշիստական քաղաքականությունը։ Սակայն կար ժամանակ, երբ ներկայիս Հայաստանի բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին, այլ ազգությունների ներկայացուցիչներ»:

Այս ելույթում իրեն հատուկ հայտարարություններից զատ, ուշադրության է արժանի հետևյալ արտահայտությունը՝ «Ղարաբաղ ու Զանգեզուր», նախկինում հաճախ ասում էր՝ «Ղարաբաղ ու Արևմտյան Զանգեզուր», հիմա նրա ախորժակը արդեն տարածվում է ամբողջ Սյունիքի վրա: Այս ելույթը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պետք է որակվի: Իսկ մեզ ֆաշիզմի մեջ մեղադրող Ալիևին պետք է հիշեցնել իր հակահայկական բազմաթիվ ելույթներն ու Սաֆարովի հերոսացման ակտը»,-գրել է Հայրապետյանը։

--00—ՅՄ