Սլովակիայում նոր կառավարություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

4f5364a8-951c-41e6-b787-9286ac64c42b.jpg

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան պաշտոնապես նախարարների նոր կաբինետ է նշանակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։

Անցած ուրբաթ օրը Չապուտովան հայտարարել է նոր կառավարության կազմը, որը ձևավորվել է այն պաշտոնյաներից, որոնք չեն պլանավորում մասնակցել սեպտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններին։ Հաղորդվել է, որ երկրի ԱԳՆ-ն այժմ կգլխավորի դիվանագետ Միրոսլավ Վլահովսկին, ՊՆ-ն՝ պաշտպանության մասնագետ Մարտին Սկլենարը։

Նախարարների կաբինետը, ինչպես պլանավորվել էր, կգլխավորի Լյուդովիտ Օդորը, որն զբաղեցնում էր Սլովակիայի Ազգային բանկի փոխղեկավարի պաշտոնը։ Էկոնոմիկայի նախարար կդառնա Սլովակիայի ազգային էներգահաղորդման համակարգի (SEPS) ղեկավար Պետեր Դովգունը, գյուղատնտեսության նախարարությունը կգլխավորի Յոզեֆ Բիրեշը, որը ղեկավարում էր անասնաբուժության և պարենի վերահսկողության վարչությունը։

Նախարարների նոր կաբինետ նշանակելու որոշումը Չապուտովան ընդունել է այն բանից հետո, երբ Սլովակիայի կառավարության ներկայիս ղեկավար Էդուարդ Հեգերը մայիսի 7-ին կառավարության ճգնաժամի ֆոնին հայտարարել է պաշտոնը թողնելու ցանկության մասին: Ավելի վաղ իրենց հրաժարականի մասին են հայտարարել Սլովակիայի գյուղատնտեսության նախարար Սամուել Վլչանը և արտգործնախարար Ռաստիսլավ Կաչերը։

Պլանավորվում է, որ նոր կառավարությունը կաշխատի մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են սեպտեմբերի 30-ին։

--00—ԶՀ