Մալիշկայի գյուղապետը բողոքարկելու է դատական ակտը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

մալիշկա

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վայոց Ձորի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանը 5 տարի տեւած քննությունից հետո դատապարտվել է 4 տարվա ազատազրկման եւ 3 տարի ժամկետով զրկվել ՏԻՄ-երում պաշտոնավարելու իրավունքից։ Մովսիսյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը պատրաստվում է բողոքարկել դատական ակտը: «Մենք դեռ չենք ստացել դատավճիռը: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Բայց ստանալուն պես անպայման բողոքարկելու ենք»,- ասաց նա «Հրապարակին»: Մովսիսյանը ղեկավարել է համայնքը 16 տարի։ Գործն էլ գյուղապետի պես հին է։ Կարծես մեր թվարկությունից առաջ լիներ նրա շուրջ աղմուկը` հեռավոր 2018-ին, երբ Հայաստանն էլ էր ուրիշ, մենք էլ։

Այն ժամանակ գյուղն ալեկոծվում էր: Մարդիկ «Մհեր, հեռացիր» պաստառներով գնում էին գյուղապետարանի մոտ, բայց Մհերը հրաժարական չէր տալիս, իսկ նրա կողմնակիցները «զոմբիների» աչքն էին մտցնում այն, որ գյուղում ջուր ու գազ, 2 դպրոց, 2 մանկապարտեզ կա, ու ամեն ինչ լավ է։ Բայց հեղափոխական վրեժը հաղթեց: Նախաքննությունը, որը սկսվել էր 2018-ի հուլիսին, տեւեց 5 տարի: Արդյունքը չի համապատասխանում այն ժամանակվա աղմուկին։ Մհեր Մովսիսյանը նստելու է ընդամենը 4 տարի, եթե, իհարկե, վաղաժամկետ դուրս չգա։ Նա ՀՀԿ-ի թեկնածու՝ «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի շտաբի պետն էր, որը, ըստ դատավճռի, 230 հազար դրամ է բաժանել ընտրողներին, յուրաքաչյուրին՝ 10 հազարական դրամ։ Նկատենք, որ 5 տարի առաջ, երբ գործը նոր էր հարուցվել, ՀՔԾ-ն հայտնում էր 13 մլն դրամ ընտրակաշառքի մասին: 

Դատավճռով հաստատել են, որ 2017թ․ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք է տվել համայնքապետը, որդուն սպորտդպրոցի տնօրեն է նշանակել, կնոջը որպես բուժքույր է տեղավորել, նա աշխատանքի չի հաճախել, բայց 1 տարում 2 մլն-ից ավելի աշխատավարձ է ստացել, սոցիալական օգնության գումարներն է հաշվապահի հետ յուրացրել։ 

Գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Մովսիսյանի կնոջը, որդուն, գյուղապետարանի հաշվապահին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ