Ռուսական իշխանությունները Սյունիքում դեսանտ են իջեցրել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

լ

«Հրապարակ» օրաթերթը գրոմ է․ «Ռուսական իշխանությունները մի քանի օր է՝ մեծ պատվիրակություն են դեսանտ իջեցրել Սյունիքում, որը մի շարք նախաձեռնություններ է իրականացնում՝ ակնհայտորեն փորձելով ծանրակշիռ ներկայություն ապահովել Հայաստանի հարավային դարպասում։ Տեղեկացանք, որ ՌԴ օրվան (հունիսի 11-ին) նվիրված Дом Москвы-ի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի եւ ՌԴ նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ Կապանում եւ Մեղրիում մի քանի օր է՝ իրականացվում են միջոցառումներ: Նախօրեին Կապանում բացվել է ռուսական գրքի տուն: Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան դիվանագետներ Ռուսաստանի նախագահի աշխատակազմից, Մոսկվայի կառավարությունից, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ մարզային իշխանության ներկայացուցիչներ։ Մասնավորապես՝ Սյունիքում են Վլադիմիր Պուտինի աշխատակազմի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնյովը, Մոսկվա քաղաքի կառավարության միջազգային տնտեսական կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իգոր Տկաչովը:

Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակից ռուս պաշտոնյաները կարեւորել են հայ-ռուսական մշակութային փոխհարաբերությունների ամրապնդումը, բացի դա՝ շեշտել, որ կկարեւորվի ռուսաց լեզվի եւ գրականության, ընդհանրապես՝ ռուսական մշակույթի դերը՝ հասկացնելով, որ Սյունիքում պետք է բոլորը ռուսերեն իմանան։ Բացի այդ, Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում նրանց աջակցությամբ բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Իսկ Մեղրիի հիվանդանոցին բուժական սարքեր են նվիրել։

Սյունիքի մեր աղբյուրները վստահ են, որ ՌԴ իշխանությունների այս ակտիվացումը, ըստ էության, պայմանավորված է ԵՄ-ի գործոնով, որը հատկապես պատերազմից հետո ուշադրության ներքո է պահում Սյունիքը եւ միլիոնների հասնող դրամաշնորհներ տրամադրում, ծրագրեր իրականացնում։ Դեռեւս տարեսկզբին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման համար Եվրոպական Միությունից 116 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի՝ մեկ տարվա համար։ Ռուսական կողմը, փաստորեն, որոշել է ինքն էլ ներդրումներ անել մարզում եւ չբավարարվել միայն դեսպանի այցելություններով։

ՌԴ պատվիրակությունը հանդիպել է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, ուշագրավ է, որ չնայած վերջին օրերին Հայաստանում կրկին պիկին են հասել հակառուսական տրամադրությունները՝ այն բանից հետո, երբ Հակարիի կամրջի միջադեպի մասին տեսանյութից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների օգնությամբ են դրոշը փորձել տեղադրել մեր տարածքում, բայց մարզպետը կարծիք է հայտնել, որ վերջին գործողությունները միտումնավոր նպատակաուղղված են հայ-ռուսական հարաբերությունների դեմ։ «Երեկ ադրբեջանական ԱԹՍ–ները կրակ էին բացել Կապանի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարծում եմ` սա նպատակաուղղված է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դեմ, որովհետեւ միայն այն փաստը, որ նման մեծ պատվիրակություն է այս պահին տարածաշրջանում` այս քաղաքում, նրանք պետք է հասկանային եւ նման բան թույլ չտային»,- նշել է մարզպետը։ Նա հավելել է, որ իրենք շատ լավ գիտակցում են այս ամենի նպատակը` թույլ չտալ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ սերտ կապեր լինեն։ «Նրանք ցանկանում էին հարված հասցնել մեր հարաբերություններին։ Բայց դուք լավ գիտեք Սյունիքը եւ գիտեք, թե այստեղ մարդիկ ինչպես են վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, ինչքան են կարեւորում այս կապերի պահպանումը»,- ռուս պաշտոնյաների հետ զրույցում ասել է Ղուկասյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 --00--ԱՊ