Փաստաբանը նախաձեռնել է ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի՝ ԵՊՀ-ում պաշտոնավարումը դադարեցնելու գործընթաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

569ad1d7-fdc3-407d-8519-0066e84ff61e.jpeg

Փաստաբան Դիանա Գրիգորյանը նախաձեռնել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) իրավաբան-գիտնական անդամ Վիգեն Քոչարյանի պաշտոնավարումը ԵՊՀ-ում դադարեցնելու գործընթաց՝ պայմանավորված վերջինիս ծավալած գործունեությամբ:

«ԵՊՀ-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը շարունակում է դասավանդել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, հանդիսանում է Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ։ Մայր բուհը, բացի կրթօջախ լինելուց, ինձ համար միշտ եղել է կարևորագույն արժեհամակարգ ու գաղափարախոսություն ձևավորող հաստատություն։

Կարծում եմ՝ ԲԴԽ-ում Վիգեն Քոչարյանի գործունեությամբ պայմանավորված՝ վերջինս այլևս չի կարող արդարամիտ ու անկախ իրավաբանների սերունդ կրթել, հետևաբար, և չի կարող դասավանդել ԵՊՀ-ում, ինչով պայմանավորված առաջարկում եմ իրականացնել նախաձեռնություն ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում Վիգեն Քոչարյանի պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ։

Շատ ցավում եմ, որ այսօր ստիպված եմ նման հրապարակում անել, Վիգեն Քոչարյանը տարիներ առաջ, երբ ԲԴԽ-ի հետ որևէ առնչություն չուներ, եղել է իմ դասախոսներից մեկը և շատ պարկեշտ ու գիտակից անհատ, սակայն պետք է ժամանակագրությանն ու երևույթների հետ հաշվի նստել, այսօր Վիգեն Քոչարյանը որդեգրել է պետականության, դատական իշխանության կազմաքանդման մարտավարությունը, ուստի մայր բուհն՝ առնվազն ի դեմս նախկին ու ներկա ուսանողության, պետք է համահունչ գնահատական տա դասախոսի որդեգրած քաղաքականությանը, հասարակության յուրաքանչյուր անհատ իր դերին ու որդեգրած քաղաքականությանը համապատասխան արձագանք պիտի ստանա իր իրացրած քաղաքականության սպառողից։ Ովքեր համակարծիք են, կխնդրեմ գրառում թողնել, որից հետո կպատրաստեմ նամակ՝ ԵՊՀ ռեկտորի և իրավաբանական ֆակուլտետի դեկանի անվամբ վերոնշյալ փաստակազմով պայմանավորված Վիգեն Քոչարյանի պաշտոնավարման դադարեցման համար:

Հ.Գ. նախաձեռնությանը կարող են միանալ ոչ միայն ԵՊՀ-ի ներկա ու նախկին ուսանողները, այլ նաև այլ ՀՀ այլ բուհերի ուսանողներ ևս, քանզի նախաձեռնության նպատակը ՀՀ-ում որակյալ իրավական արժեհամակարգ ու արժեհամակարգին համահունչ սերունդ դաստիարակող դասախոսներով համալրված, մասնագետներ ունենալն է, այնպիսի դասախոսներ ունենալը, որոնք կմտնեն համալսարան ու հարգանք կներշնչեն ուսանողությանը»,- Facebook-ում գրել է փաստաբանը։

--00—ԶՀ