Արցախի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ունեցած բոլոր գործիքները․ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

շեր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այն օրվանից, երբ սկսվեց Լաչինի միջանցքի արգելափակումը, ես Կոնգրեսի իմ գործընկերների և երկրի հայերի հետ կոչ եմ արել Սպիտակ տանը, պետքարտուղարությանը և Միջազգային զարգացման գործակալությանը՝ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի և նրա ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար»։

«Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Արցախ կենսական անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից դուրս բերելու թույլտվության մերժման հետևանքով միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտության տևական լուծում գտնելու անհրաժեշտությունն օրեցօր աճում է: Ես համառորեն կոչ եմ արել Ադրբեջանին՝ վերացնել շրջափակումը և թույլ տալ, որ մարդասիրական օգնությունն ազատ տեղաշարժվի Լաչինի միջանցքով, և ես կոչ եմ արել նախագահ Բայդենին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է Շիֆը։

 

Նա նշել է, որ միշտ անսասան է եղել ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իր հանձնառության մեջ՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտումները, հանդես գալով հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին, կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։

«Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ես նաև հանդես եմ եկել այս ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված միջազգային գործողությունների օգտին։ Եթե մենք իսկապես կողմ ենք ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, մենք պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և հանդես գանք էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքների դեմ, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում»,- գրել է կոնգրեսականը:

Շիֆի կարծիքով՝ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ օգնության դադարեցումը և ճգնաժամի պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։

«Ես ձեզ հետ կլինեմ ամեն քայլափոխի և միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- հավաստիացրել է Շիֆը։

--00—ԼՀ