Երևանում չկա համակարգային մոտեցում, նոր աղբավայրի կառուցման ճակատագիրը շարունակվում է անհայտ մնալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ff

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրում բռնկվող հրդեհներին:

Նուբարաշենի աղբավայրում հրդեհն արդեն սովորական է դարձել։ Վերջին անգամ աղբավայրում հրդեհ էր բռնկվել հուլիսի 25-ին, այրվել էր մոտ 5000 քմ տարածքում կուտակված աղբը։ Ու չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ տարածքում անվտանգության կանոններ պահպանելն այդպես էլ չի հաջողվում։
Բարձր ջերմաստիճանի պայմաններում իրավիճակն ավելի է վատթարանում, ու առանց այն էլ ծանր օդում թունավոր գազեր, ծուխ և փոշի է ավելանում։

Եվ կրկին վերադառնում ենք նրան, որ չկա համակարգային մոտեցում։
Քաղաքակիրթ երկրներում վաղուց գտել են աղբի վերամշակման արդյունավետ մոտեցումները, այն է՝ աղբի տեսակավորում, տեսակավորված աղբի տեղափոխում, տեսակավորված աղբի պահեստավորում, պիտանի և ոչ պիտանի աղբի առանձին տեսակավորում։ Պիտանի աղբն ուղարկվում է վերամշակման և արդյունքում էներգիա է ստացվում, իսկ ոչ պիտանին հատուկ պայմաններում հողի շերտի տակ է թաղվում»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ այս ամենի, համապատասխան քանակի և սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող աղբավայրերի բացակայության, աղբի թերի վերամշակման ու թերի տեսակավորման պայմաններում նվազագույնը, ինչ անհրաժեշտ է անել, գոնե անվտանգության տարրական կանոնները պահպանելն է։

«2016 թվականից խոստացված նոր աղբավայրի կառուցման ճակատագիրը շարունակվում է անհայտ մնալ։

Իսկ մեր ու մեր երեխաների՝ մաքուր օդ շնչելու իրավունքը, պարզապես, չի հաջողվում իրացնել»,- եզրափակել է իր գրառումը։

 

--00—ԱՊ