Ադրբեջանը բողոքել է BBC-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման «կողմնակալ» աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

բբս

Ադրբեջանի մամուլի խորհուրդը արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի` պետական կառույցի բնորոշմամբ՝ «սադրիչ» գործունեությանը՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել: Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը։

Ադրբեջանի մամուլի խորհրդի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, «կողմնակալ» (չակերտները՝ խմբ.) նյութեր է հեռարձակում և «կողմնակալ» (չակերտները՝ խմբ.) հայտարարություններ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ՝ միակողմանիորեն լուսաբանելով «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում» (չակերտները՝ խմբ., Արցախի Հանրապետություն) առկա իրավիճակը։

Մամուլի խորհուրդը եկել է այն եզրակացության, որ BBC-ի՝ անկախ Ադրբեջանի իրողություններին ներկայիս մոտեցումն անցանկալի է։ Կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի «տարածքային ամբողջականությունը» (չակերտները՝ խմբ.) ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում պետք է կասեցվի և լիցենզիան հետ վերցվի»:

--00—ԼՀ