Միրզոյանը և Սաքր Ղոբաշին քննարկել են Արցախի պաշարման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահ Սաքր Ղոբաշիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է ՀՀ և ԱՄԷ միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման, երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խթանման ուղղությամբ քայլերի իրականացման պատրաստակամությունը, այդ թվում՝ բարձրաստիճան այցերի, երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ միջոցով։

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահին ներկայացրել է տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման՝ հայկական կողմի տեսլականը և առկա մարտահրավերները, հատկապես 2020թ. ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից ի վեր: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորությունը։

--00—ԼՀ