Ապաշխարության ուխտերթ՝ Մյուռոնօրհնեքին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot_21

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը տեղեկացնում է առաջիկայում կայանալիք ուխտերթերի մասին ու հրավիրում մասնակցելու դրանց․

«Սիրելի եղբայրներ և քույրեր,

Ծանր փորձությունները շարունակվում են ու գնալով ահագնանում: Նորից պատերազմի վտանգի առջև ենք կանգնած: Թվում է` միայնակ ենք մնացել այս իրավիճակում, բայց մեր Ամենազորեղ Դաշնակիցը՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը սպասում է մեր դարձին ու ապաշխարությանը:

Դիմացը Խաչի երկու տոներ են՝ Խաչվերաց և Վարագա Սուրբ Խաչ:

Ուստի, եկե՜ք միասին հայտնապես վկայենք մեր Տիրոջը՝ Խաչի երկու տոների արանքում մասնակցելով 5 Ուխտերթների: Հայաստանի քարտեզի վրա այդ 4 բնակավայրերի միացումից կստացվի խորհրդանշական ԽԱՉ, իսկ 5-րդ բնակավայրը կհայտնվի խաչի ուղղահայաց ու հորիզոնական թևերի հատման կետում: Արդյունքում կստացվի անցնել Ուխտերթ-Խաչուղի՝ հանուն ապաշխարության ու մյուռոնօրհնեքին ընդառաջ: Եվ այսպես, ուխտերթների ժամանակացույցը սա է.

Սեպտեմբերի 22, ժ.13:00, Շիրակի մարզի Կամո գյուղի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցուց դեպի Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցի, 12,4 կմ, 3ժամ:

Սեպտեմբերի 25, ժ.13:00, Սյունիքի մարզի Վահանավանքից դեպի Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի, 8,2կմ, 2ժ.30ր.:

Սեպտեմբերի 27, ժ.13:00, Կոտայքի մարզի Հրազդանի Ս.Աստվածածին եկեղեցուց դեպի Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիր, 5կմ, 1ժ.30ր.:

Սեպտեմբերի 29, ժ.12:00, Արագածոտնի մարզի Եղվարդի Ս.Սարգիս եկեղեցուց դեպի Աշտարակի Ս.Մարիաննե Եկեղեցի, 16կմ, 4ժամ:

Հոկտեմբերի 1, ժ.15:00, Ս.Գրիգոր Լուսավորչի աջից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 4կմ., 1,5ժ., մասնակցություն մյուռոնօրհնեքի արարողությանը:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ այս 5 Ուխտերթներին, հավատով, աղոթքով քայլելով հանուն մեր ազգի առ ԱՍՏՎԱԾ դարձի ու ապաշխարության, հայտնապես վկայելով Քրիստոսին ու Տերունական Խաչի Նշանը ուրվագծելով մեր Սրբազան Հայրենիքի վրա:

Քրիստոսով` Խաչը դարձել է հաղթության գործիք: Մեր երկրի իրական Տերը Քրիստոսն է: Նա մեզ պատգամում է. «Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է» (Մատթ. 10:32):

--00—ՅՄ