Խնդրում եմ, հասկացիր, թե մենք ում դեմ ենք խաղում․ Քարտաշյանը՝ Ռոնալդուին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

հհհ
Հուլիսի 14-ին Դուշանբեի «Իստիկլոլը» հայտարարեց պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ 

Ֆուտբոլիստը, որն այս ընթացքում իր նոր թիմի կազմում հասցրել է խաղալ անգամ Կրիշտիանու Ռոնալդուի դեմ, ArmSport-ի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով, զգացողություններով, պատմել նոր թիմում և նոր երկրում ադապտացվելու մասին։

-Արթո’ւր, նախ, կպատմե՞ս ինչպես եղավ «Իստիկլոլ» տեղափոխությունդ:

-Գործակալը զանգեց և ասաց, որ նման առաջարկ ունեմ, ժամանակ խնդրեցի մտածելու համար։ Այնուհետև, ծանոթացա թիմի առջև դրված խնդիրներին, ինձ շատ դուր եկան, որոշեցի ընդունել առաջարկն ու արդեն ամռանը տեղափոխվեցի։

-Ի՞նչը հատկապես քեզ գրավեց որոշում կայացնելիս:

-Հատկապես այն փաստը շահագրգռեց, որ իմացա թիմը մասնակցելու է Ասիայի Չեմպիոնների լիգային, իսկ այնտեղ շատ ուժեղ թիմեր կան։ Ինչպես տեսաք, հենց մեր խմբում են «Ալ Նասրը», «Պերսեպոլիսը», «Ալ Դուհաիլը»․․․բոլորը թոփ-ակումբներ են, կարելի է ասել։

-Ռոնալդուի դեմ խաղի մասին կպատմե՞ս։

-Նման ֆուտբոլիստի դեմ խաղալն ինձ համար շատ ուրախալի էր։ Կարծում եմ՝ ոչ բոլորին է բախտ վիճակվում նրա դեմ խաղալ։ Ինչու ոչ, ինձ համար անգամ երազանք էր նրա հետ նույն խաղադաշտում գտնվելը։ Նա իսկական լեգենդ է։

-Ինչպիսի՞ն էր նա որպես մրցակից։

-Նրան վնասազերծելը շատ բարդ էր։ Նա ֆիզիկապես շատ ուժեղ է և շատ արագ։ Դե, նա Ռոնալդուն է։ Կարծում եմ՝ վատ կողմ չի կարելի առանձնացնել նրանից։

-Խաղի ընթացքում ինչ-որ հետաքրքիր դրվագ եղա՞վ։

-Խաղի 55-րդ րոպեին, երբ մենք դեռ հաշվի մեջ առաջ էինք, նա ինձ անընդհատ ասում էր․ «Ինչո՞ւ եք ժամանակ ձգում։ Պետք չէ։ Պետք է խաղալ»։ Իսկ ես պատասխանեցի․ «Խնդրում եմ, հասկացիր, թե մենք ում դեմ ենք խաղում, ինչպե՞ս ժամանակ չձգենք» (ծիծաղում է՝ հեղ․)։

-Ինչպե՞ս ես քեզ զգում թիմում, ի՞նչ կպատմես թիմակիցներիդ, մարզիչներիդ մասին։

-Միայն լավ տպավորություններ ունեմ։ Լավ կոլեկտիվ է ձևավորվել։ Ինձ շատ լավ են դիմավորել առաջին իսկ օրվանից, ինձ շատ լավ եմ զգում մինչ օրս, մարզիչները նույնպես շատ լավ մասնագետներ են։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ պատվով դուրս գանք այս պատասխանատու խաղերից։

-Այս մրցաշրջանում ինչպիսի՞ն էին թիմի առջև դրված առաջադրանքները։

-Այս մրցաշրջանը, կարելի է ասել, ավարտվել է։ Առաջնությանը մնացել է 4 խաղ, եթե դրանից 1-ն էլ հաղթենք, կդառնանք չեմպիոն։ Գավաթային խաղերն արդեն վերջացել են, նվաճել ենք գավաթը։ Մնացել է նաև ՉԼ 2 խաղ․ ամսի 27-ին Կատարում կմրցենք «Ալ Դուհաիլի» հետ, իսկ վերջին խաղը դեկտեմբերի 5-ին մեր դաշտում կընդունենք «Ալ Նասրին»՝ այդքանով եզրափակելով տարին։

-Մասնագիտական առումով քեզ ի՞նչ տվեց այս տեղափոխությունը, ի՞նչ փոփոխություններ ես նկատում։

-Ինձ համար շատ մեծ փորձ է Չեմպիոնների լիգա խաղալը, բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ խաղալը։

-Ի՞նչ կասես երկրի, այդտեղի մարդկանց մասին, քեզ ինչպե՞ս ես զգում։

-Դե յուրաքանչյուր այլ երկրում չես կարող քեզ այնպես հարմարավետ զգալ, որքան քո հրաշք հայրենիքում, բայց վատ երկիր չէ, մարդիկ շատ նման են մեր հայրենակիցներին․ շատ հյուրընկալ ազգ է։ Բայց միևնույն է, մեր հայերն ու մեր հայրենիքն աշխարհում ամենալավն են։

-Ինչպե՞ս ես տեսնում քո ապագան։

-Վերջին խաղից հետո կվերադառնամ հայրենիք, այնուհետև պարզ կլինի։ Այստեղ պայմանագիրս մինչև հուլիսի 10-ն է, բայց այստեղ մրցաշրջանն ավարտվում է, տեսնենք՝ ինչպես կլինի։

-Իսկ դու կցանկանա՞ս կարիերադ այդտեղ շարունակել, թե՞ այլ տարբերակներ ունես։

-Բոլոր տարբերակները կդիտարկեմ ու կընտրեմ ամենալավը։

 --00—ԼՀ