Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

 

Հա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Իշխող քաղաքական թիմի վերաբերմունքից, նաև կառավարության ներկայացրած կարծիքից ակնհայտ է դառնում, թե ինչպիսին է լինելու հանձնաժողովի 12 պատգամավորից ութի քվեարկությունը: Խոսքն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասին է: Ճիշտ է, անկախ նրանից, թե ինչպիսի եզրակացություն կտա հանձնաժողովը, հարցը մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե ովքեր են եզրակացություն տալու Արցախի հետ կապված օրինագծին, ու ընդհանրապես, ովքեր են որոշումներ կայացնում «պետաիրավական» հարցերով:

Հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Վարդանյանն է, որը ժամանակին աշխատել է ՍԴ աշխատակազմում, երբ աշխատակազմի ղեկավարը Հրայր Թովմասյանն էր, ապա նշանակվել է Գագիկ Հարությունյանի խորհրդական՝ մինչև իրավական փորձաքննության վարչության պետ լինելը: Հետո, երբ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ նախագահ, նա Վարդանյանին նշանակել է ՍԴ աշխատակազմի ղեկավար: Լինելով այս պաշտոնում՝ Վարդանյանը 2018 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արագ «կողմնորոշվում» և ընդգրկվում է ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում:

«Չար լեզուներն» ասում են, որ քավորական գործոնը էական դեր է խաղացել այս «անցման» մեջ: Ի դեպ, շատերը ժամանակին, մեղմ ասած, զարմացել էին, որ երբ ՍԴ-ում արշավ սկսվեց Հրայր Թովմասյանի դեմ, մինչև օրենքում սահմանադրական փոփոխություններ անելը, ԱԺ ՔՊ խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը ընդհուպ պաշտոնապես դիմելով ՍԴ-ին, որն այդ գործը վարույթ չընդունեց, իսկ ԱԺ-ում այդ գործի կոորդինացումն իրականացնում էր հենց Վլադիմիր Վարդանյանը: Իսկ զարմանքի պատճառն այն է, որ փաստացի ՍԴ-ում Վարդանյանի կարիերային մեծապես նպաստել է հենց Հրայր Թովմասյանը, բայց պատգամավոր դառնալով՝ նա նախաձեռնեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնից զրկելու գործընթաց:»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ