Ռայիսին աջակցություն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ռա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանն ուղղված ցանկացած գործողության, որը միևնույն ժամանակ հիմնված կլինի բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ի պատասխան Հայաստանի կառավարության ծրագրի՝ զարգացնելու ճանապարհային և երկաթգծային հաղորդակցության ուղիները երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև, Ռայիսին ասել է․«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանի հետ հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողության և հարթակի՝ միևնույն ժամանակ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա գնահատում է որպես արդյունավետ քայլ խաղաղության ամրապնդման և իր հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։

Ռայիսին նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման և համաձայնագրերի իրագործման առնչությամբ։

Նա շեշտել է, որ Կովկասը կարևոր տարածաշրջան է, որտեղ խաղաղության անհրաժեշտություն կա։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը Կովկասի նկատմամբ ամրագրված է, և պետք է հոգ տանել, որ կովկասյան տարածաշրջանը մրցակցության դաշտ չդառնա արտատարածաշրջանային երկրների համար, և նրա հարցերը լուծեն տարածաշրջանի երկրներն՝ առանց կողմնակի անձանց միջամտության», - ասել է Իրանի նախագահը։

Իսկ Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման անցկացումը Ռայիսին գնահատել է որպես կառուցողական քայլ տարածաշրջանային հարաբերություններն ամրապնդելու և համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանն իր հերթին Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումների շարունակությունն ու աճը որակել է որպես երկու երկրների կամք՝ համակողմանիորեն զարգացնելու երկկողմ հարաբերությունները։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

--00--ԼՀ