Կառավարությունը որոշեց Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ր.

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին որոշում կայացրեց:

Նախագծով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, որը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը։

Համաձայն 1927 թվականի Սովետա-Թուրքական կոնվենցիայի (մինչ օրս գործում է), կողմերին (Հայաստան-Թուրքիա) վերապահված է Արաքս սահմանային ջրահոսքը օգտագործել հավասարաչափ՝ որից ՀՀ մասնաբաժինը կազմում է տարեկան 721.7 մլն.մ/խ։ ՀՀ-ի կողմից վերջին տարիներին օգտագործված տարեկան ջրածավալները կազմել են՝ 2020թ.-291.883 մլն.մ/խ, 2021թ.-274.18 մլն.մ/խ, 2022թ.-400.2 մլն.մ/խ, 2023թ.-306.77 մլն/մ/խ։ Վերջին տարիների ՀՀ-ի կողմից օգտագործված առավելագույն ջրաքանակը եղել է 2022 թվականի ընթացքում և կազմել  է տարեկան շուրջ 400.0 մլն. մ/խ, ինչը կազմում է ՀՀ-ի մասնաբաժնի շուրջ 55%-ը:

Նախագծով առաջարկվում է Արաքս գետից ջուր վերցնել «յուրաքանչյուր տարի նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում» տարեկան կտրվածքով սահմանված, ՀՀ-ի մասնաբաժնի ջրածավալները չգերազանցող ամբողջ ծավալով, քանի որ, տարվա տվյալ ամիսներին եղանակային պայմանները հնարավորություն չեն տալիս տեղափոխելու Արաքս գետի չօգտագործված ջրածավալներն ամբողջությամբ։

Նախագծով առաջարկվում է Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվության շրջանակում և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերությանը իրենց կողմից շահագործվող ջրային համակարգերի միջոցով՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով, Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորիգետավազան՝  առանց հասույթի ձևավորման:

--00—ԼՀ