Արամ Բալոյան. Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

baloyan-photo
Կոնվերս Բանկը Հայաստանում մանրածախ բանկային ծառայությունների մատուցման համալիր լուծումներ ու համապարփակ պրոդուկտներ առաջարկող ֆինանսական կառույցներից է: Նախորդ տարվա ցուցանիշների, ռազմավարության և զարգացման տեսլականի մասին զրուցել ենք Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանի հետ:

 

-          Ինչպիսի՞ արդյունքներով եք ամփոփել 2023թ-ը:

 

-          2023թ․-ին մեր թիմի ջանքերը հիմնականում ուղղված են եղել Բանկի արդյունավետության բարձրացմանը, թվային օրակարգի զարգացմանը, նոր պրոդուկտների նախագծմանն ու ներդրմանը:

Բանկի բոլոր ստորաբաժանումների համատեղ ջանքերի արդյունքում տարեվերջին գործարկվեց առցանց եղանակով Բանկ-հաճախորդ հարաբերությունների ձևավորման (online onboarding) համակարգը։ Այժմ հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու, Converse mobile հավելվածում գրանցվելով, անցնել առցանց կենսաչափական նույնականացում և օգտվել Բանկի կողմից մատուցվող համալիր ծառայություններից:

Նախորդ տարիներին Բանկը թվային միջավայրում գործարկել էր մի շարք առանցքային ծառայություններ՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով Converse Mobile հավելվածով ստանալ սպառողական վարկ, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել փոխանցումներ և վճարումներ, իսկ այժմ հաճախորդների համար ապահովում է ամբողջական թվային ծառայությունների փաթեթ։

Վերը նշված գործիքակազմից բացի, Բանկը մշակել և ներդրել է բանկային հաշվի ծառայությունների փաթեթներ, որոնք թույլ են տալիս տարբեր պահանջմունքների տեր հաճախորդներին մեկ «զամբյուղով» ստանալ բոլոր անհրաժեշտ ծառայությունները և սպասարկվել առավել պարզեցված ընթացակարգով։ Ներկայում Բանկային ծառայությունների փաթեթներից օգտվել կարելի է՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, առաջիկայում դրանք հասանելի կդառնան նաև Converse Mobile հավելվածում։

-          Խոսքը հաճախորդների սեգմենտավորման, նրանց կարիքների ու ակնկալիքների հիման վրա պրոդուկտների մշակման մասի՞ն է:

 

-          Այո, ցանկացած պրոդուկտ և բանկային ծառայություն մշակվում է հաճախորդի համար, ուստի առավել որակյալ ծառայություն մատուցելու նպատակով անհրաժեշտ է նախ ճանաչել հաճախորդին, վերջինիս վարքագիծը, կարիքները, ապա մշակել և առաջարկել նրա պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված և ամբողջական ծառայությունների փաթեթ:

Յուրաքանչյուր սեգմենտի համար ծառայությունները նախագծելիս հաշվի ենք առել մի շարք հանգամանքներ, ինչի շնորհիվ հաճախորդը կստանա իր պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված պրոդուկտներ։ Մասնավորապես, եթե խոսենք վերջերս գործարկված Բանկային ծառայությունների փաթեթների օրինակով, ապա․

·         Փաթեթները կառուցված են այնպես, որ հաճախորդի համար անկանխիկ ֆինանսները լինեն ավելի նախընտրելի, հարմար և անվտանգ, քան կանխիկն է գրպանում։

·         Փաթեթներում ներառված են այն բոլոր պրոդուկտները և գործիքները, որոնք սովորաբար անհրաժեշտ են լինում հաճախորդներին տարբեր բանկային կարիքներ հոգալու համար. այնպես որ, նոր պրոդուկտից օգտվելու համար կարիք չկա այցելել Բանկ և կնքել լրացուցիչ պայմանագիր։

·         Հասանելի են գումար խնայելու և գումար փոխառելու պարզեցված գործիքներ։

·         Կատարելով անկանխիկ գնումներ փաթեթներում ներառված քարտերով՝ հաճախորդները կկուտակեն Կոնվերս միավորներ և կօգտվեն այդ նախագծի առավելություններից։

·         Փաթեթների առավելություններից կարող են օգտվել նաև ընտանիքի անդամները։

·         Փաթեթներն ունեն պարզ և հասկանալի սակագներ։

 

-          Ինչպե՞ս եք գնահատում Բանկի մրցակցային դիրքը և մրցակցությունը համակարգում:

 

-          Կոնվերս Բանկը բանկային համակարգում կայունությամբ, շարունակական աճով և հաճախորդների լոյալության բարձր մակարդակ ունեցող կառույցներից է: Մեր պրոդուկտների և ծառայությունների մրցունակության մասին է վկայում պորտֆելի կայուն և շարունակական աճը: Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարեվերջին Բանկի մանրածախ վարկային պորտֆելն աճել է շուրջ 25 տոկոսով, Բանկը գերազանցել է նախորդ տարվա շահույթի ցուցանիշը։ Բայց միայն բացարձակ թվերի դրական դինամիկան բավարար չէ Բանկի ձեռքբերումները գնահատելու համար։ Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել, մասնավորապես, կտրուկ մեծացել է պորտֆելի դիվերսիֆիկացիան։

 

Շուկայում տարբեր խաղացողներ, հաճախորդներ ներգրավելիս, շեշտը հիմնականում դնում են գնային մրցակցության վրա, ինչն, անշուշտ, շահավետ է հաճախորդի համար։ Սակայն երբ նայում ենք համաշխարհային զարգացումներին, ապա առաջիկայում մրցակցային առավելություն կունենան այն կառույցները, որոնք արագ կբարելավեն պրոդուկտ-սպասարկում որակի միքսը։ Այս առումով դեռևս բավականին գործ ունենք անելու:

-Որո՞նք են լինելու Բանկի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին:

- Կնախընտրեի կատարված գործերի մասին խոսել անցյալ ժամանակով՝ դրանք հաջողությամբ ավարտելուց հետո: Արդեն բավարար խոսել ենք մեր գործերի մասին. կարծում եմ՝  այդ մասին տեղեկատվությունը տարբեր ուղիներով արագ հասանելի է դառնում մեր ներկա և ապագա հաճախորդներին։

Այսօր կնշեմ միայն, որ Բանկի կողմից մատուցվող ֆինանսական խորհրդատվությունը պետք է լինի հաճախորդի ստացած ամենամեծ արժեքը:

Հավելեմ նաև, որ իր առջև դրված խնդիրների իրագործման համար Բանկն ունի շատ դինամիկ ու առաջադեմ ռազմավարություն, մոտիվացված և աշխատասեր թիմ: Հետևաբար, մենք պարտավոր ենք ապագայում շուկային ներկայանալ բանկային ծառայությունների մատուցման բոլորովին նոր փիլիսոփայությամբ։ Սա շատ հետաքրքիր և հաճախորդամետ գործ է, որը, վստահ եմ՝ հաջողությամբ կիրականացնենք։

 

--00—ԱՊ