Պապոյանը վստահ է, որ չի արժանանա Քերոբյանի ճակատագրին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

8d84bd421c9a25d863f16d42e691b219_1708775350

 

Քիչ առաջ տեղի է ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ընթացքում քննարկել և հավանության է արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

24News-ը կապ հաստատեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։ Նախ շնորհավորեցինք, ինչին ի պատասխան Պապոյանն ասաց․ «Եթե շնորհավորելու բան է՝ շնորհակալ եմ»։ 

Դիտարկմանը՝ ուրա՞խ չեք, որ ընտրվել եք նախարարի պաշտոնում, Պապոյանը նշեց, որ իրականում դա մեծ պատասխանատվություն է, ոչ թե ուրախանալու բան։

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ նրա թեկնածությունը հավանության արժանացավ, քանի որ վերջինս բազմիցս հրապարակավ հերքել է իր թեկնածության մասին լուրերը․ «Կուսակցության վարչության որոշումն էր, իսկ ես պատրաստ եմ կատարել վարչության բոլոր կուսակցական որոշումները»։ 

Նրան հիշեցրեցինք իր խոսքերն այն մասին, թե օրենսդիրում անելիքներ ունի, որին ի պատասխան Պապոյանն ասաց․ «Էլի եմ ասում, բայց, եթե վարչությունը որոշել է, որ ես պետք է գնամ գործադիր, ուրեմն պետք է գնամ»։

Հարցին՝ մտավախություն չունի արդյո՞ք, որ մի օր էլ ինքը կհայտնվի այն կարգավիճակում, որում հայտնվեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը․ «Վստահ եմ, որ այդպիսի խնդիր չի կարող լինել, այդպիսի մտահոգություն չունեմ»,-ասաց նա։

 

Մերի Մանուկյան

--00—ՅՄ