ՀՀ առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ 2023-ին 100․4 մլն դոլար է․ Պապոյանի հանդիպումը Իմանբաևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

photo_2024-03-11_17-56-27

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցին։ Քննարկվել են նաև մի շարք հարցեր հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի, ինչպես նաև հայ-ղազախական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականին կազմել է 100․4  մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 անգամ։

--00—ՅՄ