Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների թվում են ՆԳՆ աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

1134197

Թբիլիսիի Իսանի շրջանի Բոչորմա փողոցում գտնվող Battleground հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Վրաստանի ՆԳՆ մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, պայթյունի մասին տեղեկատվությունը ԶԼՄ-ներում հայտնվել է ապրիլի 7-ի կեսօրին: Պայթյունի վայրում երկու մարդ Է զոհվել, չորսը հոսպիտալացվել են։ Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։

«Հրշեջները դեպքի վայրից դուրս են բերել երկու զոհվածի և չորս վիրավորի, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Զոհվածներից մեկը ՆԳՆ աշխատակից է։ Տուժածներից երկուսը ՆԳՆ աշխատակիցներ են, մեկը՝ Battleground խանութի աշխատակից»,- հայտնել են գերատեսչությունից։

Վրաստանի ՆԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Պայթյունի հետաքննությունն իրականացվում է «էլեկտրա - կամ ջերմաէներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան» հոդվածով:

--00—ՅՄ