Ոստիկանությունը պարզաբանել է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կառուցակարգի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

1134366

Ներքին գործերի նախարարության կողմից համայնքային ոստիկանության բարեփոխումների համատեքստում, հասցեագրելով նաև բռնության ենթարկված երեխաների պաշտպանության անհրաժեշտությունը, նախաձեռնվել և ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի հիման վրա 2024 թ. ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ որոշմամբ ներդրված կառուցակարգերն են.

Սահմանվում են բռնության ենթարկված երեխայի ուղղորդման գործընթացում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների շրջանակը, վերջիններիս միջև համագործակցության սկզբունքները (բռնության ենթարկված երեխային չվնասելը և չմեղադրելը, վստահության մթնոլորտի ձևավորումը և այդ մթնոլորտում երեխայի հետ շփումը, երկրորդային զոհականացման բացառումը, բռնության ենթարկված երեխային աջակցելը, ներառյալ՝ խնամքի կազմակերպումը, բռնության ենթարկված երեխայի վերաինտեգրումը հասարակություն և վերասոցիալականացումը և այլն) և ձևերը (տեղեկատվական համագործակցություն, վարչական-կազմակերպական համագործակցություն, սոցիալական դեպքի վարման շրջանակներում բազմամասնագիտական խմբի աշխատանք):

Ըստ իրավասության՝ մանրամասնվում է երեխայի ուղղորդման շրջանակներում շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համագործակցությունը՝ հիմնված երեխայի կարիքների գնահատման, ըստ անհրաժեշտության, սոցիալական դեպքի վարման և անհատական սոցիալական ծրագրի մշակման վրա՝ երեխային համապատասխան աջակցություն տրամադրելու և նրա լավագույն շահն ապահովելու նպատակով:

Նախատեսվում են երեխային տրամադրվող համակողմանի աջակցության ձևերը (վերականգնողական օգնություն, երեխայի և ընտանիքի` աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն, կրթության կազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն և այլն):

Սահմանվում է երեխային համապատասխան աջակցության տրամադրման կարգը:

Ներքին գործերի նախարարությունը կարևորում է բռնության ենթարկված երեխաների պաշտպանության շրջանակներում միջգերատեսչական համագործակցությունը, որի ուղղությամբ հետևողականորեն իրականացվում են քայլեր։

Նշվում է, որ նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՆԳՆ հետ սերտ համագործակցության շրջանակներում։

--00—ՅՄ