ՄԻՊ-ը ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչի հետ խոսել է բռնի տեղահանվածների իրավունքների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2024-04-15_18-26-34

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ  կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, ներկայացրել է անձամբ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող քայլերի մասին:

Վեսա Հակկինենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

--00—ՅՄ