Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կողմից կազմակերպված դասընթացին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

news_4532_1327554258

Գլխավոր դատախազության դատախազներն ապրիլի 16-ին մասնակցել են քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին, որը կազմակերպվել էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային հարաբերությունների գրասենյակի և ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատուի գրասենյակի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Լուիզա Մանուկյանը, ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի փոխտնօրեն, Ջեյսոն Քարտերը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի դատախազներ Զարին Իքբալը և Անն Փինգսը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը, Գլխավոր դատախազության դատախազները, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների քննիչները:

Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Լուիզա Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներից ժամանած գործընկերներին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարում քրեական վարույթներով իրավական համագործակցության թեմայով քննարկում կազմակերպելու համար:

Վարչության պետի խոսքով՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարում քրեական վարույթներով արդյունավետ քննության և դատախազական հսկողության հարցում վճռորոշ դեր ունի իրավական համագործակցությունը: «Նկատի ունենալով անդրազգային հանցավորության զարգացումները՝ իրավապահ մարմիններն այսօր ձգտում են ձեռնարկել առավել արագ և արդյունավետ հակազդման միջոցներ: Մասնավորապես՝ միջազգային-իրավական համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի այն դեպքերում, երբ ապացույցները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, վկաները, տուժողները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք գտնվում են այլ երկրներում»,- ընդգծել է Լուիզա Մանուկյանն ու վստահություն հայտնել, որ դասընթացն ու քննարկումները կնպաստեն միջազգային-իրավական ոլորտի զարգացմանն ու երկկողմ համագործակցության բարելավմանը:

--00—ՅՄ