Հայկ Գևորգյանը փոքր մարդ է, որ ասի՝ կա´մ քաղաքականությամբ զբաղվի, կա´մ բիզնեսով․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

Գևորյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պնդում է, որ «Արարատցեմենտ» գործարանը Ծառուկյանը ձեռք է բերել 200 000 դոլարով, և Ծառուկյանը պետք է որոշի՝ կա´մ քաղաքականությամբ զբաղվել, կա´մ բիզնեսով, պատասխանել է, որ Հայկ Գևորգյան շատ փոքր մարդ է, որ իրեն ասի՝ կա´մ քաղաքականությամբ զբաղվի, կա´մ բիզնեսով։ Ծառուկյանը Հայկ Գևորգյանին խորհուրդ է տվել գնալ և շարունակի զբաղվել լրագրությամբ:

«Ես՝ որպես Ծառուկյան, ասացի, որ եթե այդպես լինի, դա նվեր եմ տալիս, բայց Մելքումյանը ներկայացրեց փաստաթղթերով, որ, 200 000 դոլարից բացի, միլիոնավոր պարտքեր են փակվել», - ասել է Ծառուկյանը և հայտարարել, որ պատգամավորը  շանտաժի համար իրենից պետք է ներողություն խնդրի:

«Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները սեփականատերերն են՝ Բեռլուսկոնին, Թրամփը… Մարդիկ պետք է լիարժեք հասկանան՝ ինչ են ասում, և դա ինչ է նշանակում»,- ասել է Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ իրենց խմբակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանը, նույնպես լրագրող է եղել, Ծառուկյանը պատասխանել է, թե ինքը չի թերագնահատում:

«Բայց եթե միայն լրագրող լինի ամբողջ խորհրդարանում… մարդ պետք է լինի, որ հասկանա տնտեսությունից, կազմակերպելուց, ինչ է պետք մեր ժողովրդին, ինչից է պետք սկսել այսօր, բոլորն էլ սպասում են, ուզում են լավ ապրել, բարիքներից օգտվել, միայն փնովելով չի»,-ասել է Ծառուկյանը: 

Ծառուկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ կառուցողական քննարկում է եղել, որը վերաբերել է ներդրումներին:

«Հիմնական խնդիրը վարչապետին ճիշտ պետք է ներկայացնել, որ կարողանա որոշում կայացնել, թե չէ, ամեն հարց վարչապետի վրա գցելով, ինձ ճիշտ հասկացեք, ով ինչ անի, վարչապե՞տը պետք է պատասխան տա», - ասել է Ծառուկյանը:

Հարցին, թե մի առիթով ասել էր՝ գոհ է Փաշինյանից, իսկ նրա քաղաքական ուժից՝ ոչ, և թե արդյոք այս մեկ տարում փոփոխություն չկա՞, Ծառուկյանը նշել է, որ չի ասում՝ փոփոխություն չկա։

«Չեմ ասում փոփոխություն չկա, կան, բայց տնտեսական, սոցիալական փոփոխություն չկա, իսկ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ պատրաստվում են լքել երկիրը:

Ի՞նչ է, մի պուճուր երկիր ունենք, ամենալավ հողերը մենք ունենք, տարածքը արտաքին առևտրի համար՝ ԵԱՏՄ-ի համար և Էմիրատների համար, մեր հողերի 60 տոկոսը չի մշակվում»,-ասել է Ծառուկյանը: