Ես այդպիսի կոմպլեքսների մեջ չեմ եղել, չեմ էլ լինի․ Միքայելյանը՝ Մանվելին չայցելելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով  հարցին, թե իր մտքով երբեւէ անցե՞լ է այցելել Մանվել Գրիգորյանին որպես ԵԿՄ նախկին նախագահ, ծանոթանալ պահման պայմաններին, ասաց․ «Ես այդպիսի կոմպլեքսների մեջ չեմ եղել, չեմ էլ լինի: Ես էլ եմ դատվել, նստել, ու այդ ժամանակ մարդիկ իրենց ոնց են պահել, դա ինձ չի էլ հետաքրքրում: Բայց ես իրեն առողջություն եմ ցանկանում: Ինքը հիվանդանոցում է, նորմալ պայմաններում է»։

Դիտարկմանը, որ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը երկար տարիներ աշխատել է Մանվել Գրիգորյանի հետ, հիմա իրեն վստահո՞ւմ եք, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ամբողջությամբ վստահում եմ: Արա Կետիկյանն այն անձանցից է, որ այդ ժամանակահատվածում, որ մնացել է Երկրապահում,  ինքն ընդամենը իր գործն է արել ազնվությամբ: Նա կարգուկանոնը պահել է: Եթե դուք կգտնեք իր աշխատած տարիներին ինչ-որ թերացում, կամ ինչ-որ հարցում խնդիր է ստեղծել, կարող եք դիմել, վարչությունով կնայենք»:

Հարցին՝ Կետիկյանը տուշոնկաներից անտեղյա՞կ է եղել, ԵԿՄ գործող ղեկավարն ասաց. «150 տոկոս: Նախ, այդ ժամանակ Արա Կետիկյանը Հայաստանում չի եղել: Տուշոնկաների ճակատագիրն էլ արդեն գիտեք»: