Լևոն Երանոսյանի գործով միջնորդել են Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրել որպես վկա

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Նիկոլ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը։ Մինչև դատական նիստի մեկնարկը Լևոն Երանոսյանը լրագրողներին  հայտնել է, որ գրավոր հայտարարությամբ ասել է, որ մեղադրանքը չի ընդունում։

Դատական նիստի սկզբում Լևոն Երանոսյանի պաշտպանը միջնորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի քրեական գործով որպես վկաներ հարցաքննելու համար։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հանդես է եկել նաև այտարարությամբ.

«Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և  22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային և պետական շահերին:

Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»,-հայտարարել է Երանոսյանը:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, այն է՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին և որ նույն արարքը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: