ՍԴ-ի այս որոշումից հետո Քոչարյանի կալանավորումը պետք է վերացվի. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Իրավական

Այսօր` հուլիսի 18-ին,  հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթները և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով՝  «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:

Որոշման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով 24News-ը կապ է հաստատել Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանի հետ:  

«Սահմանադրական դատարանի մասին օրենքը նման մեխանիզմը վերապահել է Սահմանադրական դատարանին: Եթե ուսումնասիրենք Վենետիկի հանձնաժողովի տարբեր կարծիքներ, տարբեր օրենքի նախագծերի կամ դրույթների վերաբերյալ, հանդիպում ենք դեպքեր, երբ դիմողների ցանկում են Սահմանադրական դատարանները: Ի վերջո, ՍԴ-ները հաճախ քննում են  եվրոպական լավագույն փորձի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիայի հիման վրա նորմերի սահմանադրականության հարցեր: Այդ իսկ պատճառով Վենետիկի հանձնաժողով դիմող սուբյեկտների շարքում են նաև ՍԴ-ները՝ կոնկրետ գործերի շրջանակներում: Հետևաբար՝ այս գործիքը նորարարություն չէ: Իսկ Եվրոպական դատարան դիմելու գործիքը Եվրոպական կոնվենցիայի արդեն նոր արձանագրություններից է, նոր գործիք է, որով Սահմանադրական, Վճռաբեկ դատարանները ևս դիմող սուբյեկտ հանդիսանում են:

Այսինքն, եթե նայենք՝ այդ գործիքը կա, թե ոչ, ասեմ, որ լայնորեն կիրառվում է: Պարզապես այն մեր հայաստանյան իրականության մեջ քիչ կիրառություն է ունեցել, որքանով ես գիտեմ: Հիմա այս փուլում այսպիսի որոշում է կայացվել»: Հարցին՝ այժմ, երբ ՍԴ-ն դիմել է այդ կառույցներին, Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ և պաշտպանները սպասելու են որոշմանը. «Իրականում, այն պահից, երբ դատարանի դիմումն ընդունվեց վարույթ, կալանավորում խափանման միջոցն օրինականության խնդիր ունի և իրենից ենթադրում է իրավունքի խախտում: Ես պնդում եմ. սա նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինն անհապաղ դատական նիստ պետք է գումարի, խափանման միջոցի հարցին անդրադարձ կատարի: Այս դեպքում կալանավորումը չի կարող լինել որպես խափանման միջոց»:

Ճշտմանը՝ չպե՞տք է սպասել ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի արձագանքին,  Վարդևանյանն ասաց, որ դա առնչություն չունի խափանման միջոցի հետ: Դատաքննություն՝ գործն ըստ էության, Վարդևանյանի խոսքով՝ չի կարող տեղի ունենալ, քանի որ դա կասեցված է: Իսկ խափանման միջոց կալանավորումն անհապաղ պետք է վերանայվի: Հարցին՝ եթե առաջիկայում նիստ չգումարվի, դա իրավական առումով խնդի՞ր է, փաստաբանն ասաց. «Ամեն օրն էլ իրավունքի խախտում է: Խափանման միջոցի հարցը պետք է քննել և կալանավորումը, որպես այդպիսին, պետք է վերացվի»: Իսկ հետո, ըստ Վարդևանյանի՝ պետք է սպասել, որ կլինի ՍԴ-ի վերջնական որոշումը, որը հիմնվելու է նաև Վենետիկի հանձնաժողովի և  Եվրոպական դատարանի խորհրդատվական բնույթի կարծիքների վրա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news