ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին:
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն կարևոր փոփոխության է ենթարկվել:
«Նախագծի անվանումից երևում է, թե առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո ինչ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որը լայնացնում է շահառուների շրջանակը: Եթե գործող օրենքի վերնագրում նշվում էր՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում…», այժմ այդ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանները կարող են լինել նաև ոչ պետական աջակցությամբ, և կան այդպիսի բնակարաններ:
Տարբեր կազմակերպություններում բնակվում են միայնակ կենսաթոշակառուներ, որոնք նույն կարգավիճակում են, և այս փոփոխությամբ մենք հավասարեցնում ենք այդ կարգավիճակները, և թույլ ենք տալիս նաև, որ այն կենսաթոշակառուները, որոնք ոչ պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում են բնակվում, ևս օգտվեն ջրի, գազի և լույսի փոխհատուցումից»,-ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ այս փոփոխությամբ ընդունման դեպքում ևս 17-18 շահառուներ կօգտվեն կոմունալ ծախսերի փոխհատուցումից:
Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվեն սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:
Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար: