ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՒԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ, 24News

Տիգրան Սարգսյան

Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական Տնտեսական Միության անդամ է 2015 թվականից: Այս տարվա հոկտեմբերին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը անցկացվեց Երևանում, որի արդյունքում ստորագրվեցին մի շարք առանցքային պայմանագրեր Միության համար կարևոր նշանակություն ունեցող երրորդ երկրների հետ: Այդ պայմանագրերի արդյունավետության, դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում սպասվող Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և անցնող տարվա ընթացքում Միության իրականացրած նախագծերի մասին է պատմում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում:

- Պարո՛ն Սարգսյան, ԵԱՏՄ-ի գործունեության կառուցվածքը և արդյունավետությունը դեռ ամբողջապես պարզ չեն շարքային սպառողի համար: Կարո՞ղ եք ասել՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ինչպիսի ընթացք է ունեցել Հայաստանի առևտրատնտեսական զարգացումը, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, Հայաստանը շարունակում է դժվարությունների հանդիպել ապրանքների արտահանման ու ներկրման հարցում, քանի որ հիմնական ծանրությունը Լարսի անցակետի վրա է:

 

- Կարևոր հարցադրում է։ Նախ, մի քանի հանգամանք նշեմ: Առաջինը՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի սահմանափակել վերջինիս առևտուրը երրորդ երկրների հետ՝ ո՛չ տեխնիկապես, ո՛չ էլ կարգավորման առումով։ Սրա մասին վառ խոսում են թվերը։ Օրինակ՝ Հայաստանի և երրորդ երկրների ապրանքաշրջանառությունը 2018 թ. աճել է շուրջ 18%-ով, իսկ 2017 թ.՝ շուրջ 25%-ով: Բացի այդ՝ ՀՀ տնտեսվարողները ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո հնարավորություն ստացան աշխատելու միասնական շուկայի կանոններով, ինչը ենթադրում է միասնական կանոնակարգում, ոչ սակագնային խոչընդոտների վերացում, որի արդյունքում էականորեն հեշտացվել են հայկական ապրանքների՝ ԵԱՏՄ ներքին շուկա արտահանելու պայմանները, ինչպես նաև աճել են այդ ապրանքների արտահանման ծավալները: Հայկական ապրանքների արտահանման ծավալները դեպի միասնական շուկա յուրաքանչյուր տարի գրանցել են երկնիշ աճի տեմպ: Դա հսկայական ցուցանիշ է: Ընդ որում, արտահանման մեջ մեծ ծավալ է կազմում պատրաստի արտադրանքը, որը ներառում է ավելի մեծ ավելացված արժեք: Բացի այդ՝ ԵԱՏՄ շրջանակներում կնքված համագործակցության համաձայնագրերի արդյունքում ՀՀ ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ նույնպես աճ է գրանցում: Մասնավորապես՝ 2018 թվականին Վիետնամի հետ առևտրաշրջանառությունը աճել է 37,2%-ով, Չինաստանի հետ՝ 29,8%-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ Չինաստան արտահանման ծավալները աճել են 63,8%-ով: Ավելացել է նաև ապրանքաշրջանառությունը Սերբիայի Հանրապետության հետ, որը պայմանավորված է տնտեսվարողների ունեցած սպասելիքներով՝ կապված ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրմամբ: 2018 թվականին ՀՀ ապրանքաշրջանառության ցուցանիշներում դրական դինամիկա է գրանցվել նաև այն երկրների հետ, որոնց հետ ԵԱՏՄ-ն գտնվում է ԱՏԳ համաձայնագրի բանակցային գործընթացում՝ Հնդկաստան, Եգիպտոս, Իսրայել:

Ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա, այո՛, դա ՀՀ ԵԱՏՄ անդամակցության «առևտրային» հատվածին վերաբերող ամենակարևոր հարցն է։ Անցակետի աշխատանքային դժվարություններն ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք աշխարհագրական դիրքի և կլիմայական պայմանների հետևանք են: Վերին Լարսի անձնագրային թողունակությունն օրական 170 մեքենա է, սակայն վերջին տարիներին անցակետով օրական անցնում է 500-ից ավելի ավտոմեքենա՝ բեռնատար մեքենաների թիվը միջինում 3-4 անգամ ավելի է, քան նախատեսված է անցակետի սպասարկման անձնագրով, 7-8 անգամ ավելի է մարդատար մեքենաների ու ավտոբուսների թիվը, իսկ 12 անգամ՝ ֆիզիկական անձանց: Բնականաբար, այս ամենը չի կարող չանդրադառնալ անցակետում գոյացող խցանումների վրա, իսկ ձմռանը գումարվում են նաև եղանակային անբարենպաստ պայմանները, որն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը: Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության չվերականգնման դեպքում 2020 թվականին Վերին Լարսում կգոյանա նաև հսկայական տուրիստական հոսք, ինչը նույնպես կարող է խցանումների ավելացման պատճառ դառնալ։ Մեր կողմից  ձեռնարկված քայլերի արդյունքում այս անցակետով տեղափոխվող ապրանքային հոսքը պետք է դյուրանա:

ԵԱՏՄ Մաքսային նոր օրենսգրքով նախատեսել ենք էլեկտրոնային հայտարարագրման համակարգ, փաստաթղթերի մշակման ավտոմատացում, փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետի կրճատում՝ 50 ժամից մինչև 3 ժամ և այլն: Այս բոլոր միջոցառումները, ինչպես նաև անդամ երկրների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի գործարկումը, միտված են բարելավելու, այդ թվում՝ Վերին Լարս անցակետի մաքսային հսկողության գործընթացը: Երկրորդ՝ մենք ձգտում ենք ԵԱՏՄ տարածքում գործող մաքսակետերի նկատմամբ հաստատված տեխնիկական պահանջների համահարթեցում ապահովել։ Դա նշանակում է, որ, օրինակ, Վերին Լարսի ռուսական մաքսակետը և Բագրատաշենի հայկական մաքսակետը կաշխատեն նույն տեխնիկական պահանջներով ու սկզբունքներով։ Եթե նրանք աշխատեն այդպես, ապա բեռների լրացուցիչ ստուգման անհրաժեշտությունը, որը ժամանակ առ ժամանակ առաջանում է, կհասնի նվազագույնի։

Բացի այդ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և իմ անձնական դիրքորոշումն է, որ ԵԱՏՄ երկրներում բեռների հետագծելիության համակարգերի ներդրումը պետք է իրականացվի միասնական սկզբունքով։ Այս պարագայում մենք ի վերջո կհասնենք նրան, որ Հայաստանի Հանրապետությունից գնացող բեռնատարները Վերին Լարսի ռուսական հատվածում ընդհանրապես չեն կանգնի։ Նրանց անցումը պետք է լինի ամբողջովին ավտոմատացված, և միակ բանը, ինչի համար բեռնատարը պետք է կանգնի, վարորդի կողմից սահմանն անցնելու մասին անձնագրում կնիք ստանալն է։

- Օրինակ՝ ՀՀ քաղաքացին, որը մեկնում է ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկիր՝ ժամանակավոր աշխատանքի կամ ուսումնառության նպատակով, ինչպիսի՞ առավելություններ ունի:

- Եթե խոսենք աշխատանքային ռեսուրսների մասին, ապա պետք է նշել, որ ԵԱՏՄ-ում էականորեն բարելավված են քաղաքացիների կացության և աշխատանքային պայմանները: ԵԱՏՄ շրջանակներում միգրացիոն կարգավորումները անդամ երկրների միջև բավականին դյուրացվել են: ԵԱՏՄ մի անդամ երկրից մյուս երկիր աշխատանքի նպատակով մեկնող անձը այլևս ստիպված չէ հանձնել քննություն և ստանալ աշխատանքի թույլտվություն, մասնագիտական դիպլոմը ճանաչվում է վավեր, բացառություն են կազմում միայն երեք մասնագիտություններ՝ իրավաբանություն, մանկավարժություն, բժշկություն: Փոփոխվել են նաև գրանցման համար անհրաժեշտ ժամկետները. նախկին 7 օրվա փոխարեն այժմ քաղաքացին ունի հնարավորություն աշխատանք փնտրել և գրանցվել 30 օրվա ընթացքում, իսկ աշխատանք գտնելուց հետո գրանցումը երկարաձգվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով: Աշխատող քաղաքացին օգտվում է նաև բժշկական նվազագույն ապահովագրությունից, իսկ երեխաները՝ դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Ազատականացման այս մակարդակը թույլ է տալիս ժամանակավոր աշխատանքի մեկնած անձանց այլևս չմտածել իրենց օրինական կարգավիճակի մասին և աշխատանքային հարաբերությունների ավարտին վերադառնալ երկիր՝ սահմանին առանց որևէ խոչընդոտի հանդիպելու: Բնականաբար, աշխատանքային միգրացիան ուղիղ կապի մեջ է երկիր ներհոսող տրանսֆերտների հետ: Օրինակ՝ 2016-2018 թվականներին ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն տրանսֆերտները աճել են 18 տոկոսով:

- Տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ կայանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ կան մի քանի կարևորագույն խնդիրներ, որոնք պետք է մշակվեն և լուծում ստանան՝ լիարժեք ինտեգրացիա ստանալու համար: Նա մասնավորապես նշեց ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու մասին և ընդգծեց, որ էներգակիրների գները ուղղակիորեն ազդում են արտադրվող ապրանքների գնագոյացման վրա: Ինչպիսի՞ առաջընթաց կա նշված խնդրի լուծման ուղղությամբ:

- ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն ստանձնեց 2019 թվականի հունվարի 1-ից, ինչը համընկավ միության համար հոբելյանական տարվա հետ: Այս տարի մենք տոնում ենք Միության ստեղծման հնգամյակը: ՀՀ նախագահության շրջանակներում ներկայացված նախաձեռնությունները նոր թափ հաղորդեցին ինտեգրացիայի խորացմանը: Ներդրվեց նոր մշակույթ, այն է՝ առաջին անգամ ԵԱՏՄ անդամ երկրի Բարձրագույն խորհրդի նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Կոլեգիայի ղեկավար անձնակազմին ներկայացրեց նախագահող երկրի առաջնահերթությունները: Այս նախադեպը շատ դրական ընկալվեց ԵԱՏՄ հինգ անդամ երկրները ներկայացնող միջազգային ծառայողների պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից: Հայկական կողմին վերաբերող առաջնահերթություններից մեկը օրենսդրության ներդաշնակեցումն է, ինչը կարևոր ծրագրային աշխատանք է: Նմանօրինակ խոչընդոտների վերացման կամ կանխարգելման համար մենք անդամ երկրների խորհրդարանների հետ համատեղ մշակել ենք օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված ծրագիր, որը ներառում է ԵԱՏՄ պայմանագրում նախատեսված 18 ուղղությունները: Այս տարվա ընթացքում մեզ հաջողվել է վերացնել 13 խոչընդոտ, որից 10-ը, ըստ էության, իրավիճակներ էին, որոնք հակասում էին ԵԱՏՄ պայմանագրին:

- Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ եք ավելի պատկերավոր բացատրել՝ ինչ խոչընդոտների մասին է խոսքը, Միության գործունեության ո՞ր ոլորտին են վերաբերում դրանք:

- Որպես օրինակ՝ կարող եմ նշել Բելառուսի Հանրապետությունում կիրառվող ցորենի արտահանման թույլտվությունների համակարգը, ըստ էության, սահմանափակվում էր այդ ապրանքի արտահանումը մյուս անդամ երկրներ, ինչը հակասում էր ԵԱՏՄ պայմանագրին: Այլ օրինակ՝ Ղազախստանի կողմից սահմանվում էին որոշակի ապրանքների նկատմամբ պարտադիր պահանջներ, ինչը նախատեսված չէր ԵԱՏՄ օրենսդրությամբ, իսկ, ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ում գործում է միասնական տեխնիկական կանոնակարգման օրենսդրություն, և այս լրացուցիչ պահանջները, ըստ էության, հակասում էին մեր օրենսդրությանը:

Իսկ առաջնահերթություններում նշված միասնական էներգետիկ շուկաների ստեղծման վերաբերյալ կարող եմ նշել հետևյալը՝ մենք արդեն հաստատել ենք գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգերը և գործողությունների ծրագիրը: Այս տարի Բարձրագույն խորհրդի անդամները ստորագրել են ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծման պայմանագիրը, ինչի արդյունքում համակարգի բոլոր մասնակիցները հասանելի կդառնան շուկային, կավելանա մրցակցությունը և կապահովի գների ձևավորման թափանցիկությունը՝ անդրսահմանային փոխադրումների ժամանակ: Պայմանագիրը հնարավորություն է ընձեռում արտադրողներին ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, իսկ սպառողները հնարավորություն կունենան ձեռք բերել հոսանք ավելի մատչելի գներով՝ ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներից:

- Վարորդական իրավունքների և գազի գնին վերաբերող հարցերը մնում են ամենաակտուալն ու հաճախակի քննարկվողը: Շատերը կարծում են, որ գազի գնային քաղաքականությունն ուղղակիորեն կապ ունի Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ և ինչ-որ առումով հանդիսանում է ազդեցության գործիք: Ասացեք, խնդրեմ, իրականում ինչո՞վ են պայմանավորված գազի գնի տատանումները և հնարավո՞ր է արդյոք հասնել այդ խնդրի երկարաժամկետ լուծմանը՝ Հայաստանի պարագայում:

- ԵԱՏՄ պայմանագիրը նախատեսում է, որ մենք պետք է ոչ ուշ, քան մինչև 2025 թ. հունվարի 1-ը ձևավորենք գազի ընդհանուր շուկա, իսկ մինչ այդ բոլոր հարաբերությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով: Շուկայի ձևավորման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը մշակված են, և նախատեսվում է, որ 2022 թվականին կընդունվի նաև շուկայի ձևավորման միջազգային պայմանագիրը: Ինչ վերաբերում է գազի գնին, ապա անհրաժեշտ է նշել, որ, ինչպես յուրաքանչյուր ապրանքի գին, ձևավորվում է մի քանի գործոններից, որոնց թվում թերևս ամենակարևորներն են արտադրության և տեղափոխման ծախսերը: Տեղափոխման գինը ձևավորվում է ազգային օրենսդրությամբ նախատեսված սակագների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա: Վերջերս Երևանում հաստատեցինք երկրներում գործող գազի տեղափոխման բնագավառը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի ցանկը, որոնք պետք է նախանշեն ներդաշնակեցման սկզբունքները:

2023 թվականին պետք է մշակվեն և հաստատվեն գազի միասնական շուկայի մեկնարկը ապահովող հետևյալ կարևոր փաստաթղթերը՝ գազատրանսպորտային համակարգերի հասանելիության կանոնները, գազի առևտրի կանոնները և բորսայական առևտրի կանոնները: Իր հերթին Հանձնաժողովն ընդունել է բնական մենաշնորհների բնագավառում սակագների ձևավորման մեթոդաբանություն, որը նախատեսում է գնագոյացման թափանցիկության ապահովում և սակագների հաշվարկման ոչ խտրական սկզբունք: Այս փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ, այսինքն՝ պարտադիր չէ երկրների համար, սակայն այդ սկզբունքները պետք է հիմք հանդիսանան հետագայում շուկայի ձևավորման պայմանագրի մշակման ժամանակ: Այս առումով առաջիկա չորս տարիները կարևոր են լինելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման գործում։

Ինչ վերաբերում է հայկական վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանափակմանը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ հարցի ի հայտ գալուն պես Հանձնաժողովը նախաձեռնել է քննարկումներ ռուսական և հայկական կողմերի մասնակցությամբ, հարցը բազմաթիվ անգամներ քննարկվել է նաև փոխվարչապետների խորհրդի նիստում, և հայկական կողմը բարձրացրել է այդ խնդիրը: Նշեմ, որ, ըստ առկա տեղեկատվության, Ռուսաստանի Դաշնությունը մշակել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է լուծել այս հարցը։ Այժմ հայկական և ռուսական կողմերը տարբեր հարթակներում, այդ թվում՝ խորհրդարանական, մարդու իրավունքների գրասենյակների հարթակներում շարունակում են քննարկումները հարցի լուծման ուղղությամբ:

- 2013-2014 թթ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող գազի գինը սահմանին կազմել է 189 ԱՄՆ դոլար: 2015 թ. այն նվազեց մինչև 165 ԱՄՆ դոլար, այնուհետ հաջորդ տարվա կտրվածքով նվազեց ևս 15 դոլարով՝ կազմելով 150 ԱՄՆ դոլար, իսկ 2019 թ. կրկին բարձրացավ մինչև 165 ԱՄՆ դոլար: Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ 2015 թ., և գազի գնի նվազումը կապվում էր Միությանը անդամակցելու հետ: Իրականում կա՞ նման նախապայման, և Միությունից դուրս գտնվող երկրներն ավելի խոցելի՞ են արդյոք գազի գնագոյացման պարագայում, թե՞ ոչ:

- ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ մինչև գազի միասնական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի կնքումը, այսինքն՝ մինչև ամենաուշը 2025 թվականը, գազի առք ու վաճառքն իրականացվում է երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ սահմանված է գազի գնի որոշակի մակարդակ, որը, ի համեմատություն ԵԱՏՄ ոչ անդամ պետությունների, էականորեն ավելի ցածր է: Օրինակ՝ ԱՊՀ անդամ և ԵԱՏՄ դիտորդ հանդիսացող Մոլդովային 2019-ի առաջին եռամսյակում վաճառված գազի գինը կազմել է 235 դոլար՝ 1000 խմ-ի համար, իսկ երրորդ այլ երկրների համար նույն ժամանակահատվածում միջին գինը կազմել է 254 դոլար:

- Վարորդական իրավունքների մասով Դուք նշեցիք, որ կարգավորվում են հայկական վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները: Այսինքն՝ հայկական վարորդական իրավունքով այս պահին արգելվում է, ասենք, զբաղվել ուղևորա և բեռնափոխադրումներով: Իսկ եթե ՀՀ քաղաքացին իր վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում երթևեկում է՝ որպես զբոսաշրջիկ կամ բեռնատարով հատել է սահմանը՝ ներկրելով ապրանք, ինչպե՞ս է կարգավորվում խնդիրը այս պարագայում:

- Ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով մեքենաների շահագործման ժամանակ վարորդական իրավունքների փոխճանաչման որևէ խոչընդոտ չի առաջանում: Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունք ունեցող քաղաքացիները առանց որևէ խնդրի կարող են վարել իրենց ավտոմեքենան Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ինչ վերաբերում է բեռնատարի վարորդներին, ապա այս պարագայում նույնպես բեռնափոխադրումներն իրականացվում են առանց որևէ խնդրի, և հայկական բեռնափոխադրող ընկերության վարորդը հատում է սահմանը՝ բեռը առանց որևէ խոչընդոտի հասցնելով Ռուսաստանի Դաշնության տարածքում նախատեսված վայր:

- Ըստ Ռուսաստանի Դաշնության Մաքսային ծառայության տվյալների՝ ՌԴ ապրանքների ներմուծման ծավալով տարածաշրջանում Հայաստանը երրորդ տեղում է Ադրբեջանից և Վրաստանից հետո: Վերջիններս ԵԱՏՄ անդամ չեն հանդիսանում, սակայն, օրինակ, Ադրբեջանը 2018 թվականին Հայաստանի համեմատ տասը անգամ ավելի շատ (224 337 501 ԱՄՆ դոլար) միրգ ու բանջարեղեն է ներմուծել Ռուսաստան: Հանդիսանալով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել այս առավելությունից և առավել արագ գրավել ռուսական և հարակից երկրների շուկաները:

- Եկեք ԵԱՏՄ անդամակցությունը բաժանենք պայմանականորեն առևտրային և ոչ առևտրային հատվածների։ Սա կլինի բավականին լավ տարանջատում՝ հարցին առարկայական պատասխան տալու համար։ Առևտրային ոլորտում, որը որոշ վերապահումներով արդեն իսկ լիարժեքորեն ձևավորված է Միությունում, ԵԱՏՄ-ին անդամակցությունը ապահովում է ներքին առևտրում մաքսատուրքերի, ոչ սակագնային կարգավորումների բացակայություն, միասնական տեխնիկական սկզբունքներ և այդ սկզբունքների պահանջներին համապատասխան ներքին սերտիֆիկատների փոխադարձ ճանաչում և այլն: Այս ամենը մեր տնտեսվարողների համար ստեղծում է ավելի բարենպաստ պայմաններ՝ ի համեմատ երրորդ երկրների տնտեսվարողների: Սակայն առևտրի ծավալները կախված են ոչ միայն այդ բարենպաստ պայմաններից: Որպես կանոն՝ արտահանման ծավալները կախված են նաև տրասնպորտային հարմարավետությունից և արտադրության մասշտաբից: Եթե խոսքը, օրինակ, գյուղատնտեսության մասին է, ապա Ադրբեջանը կամ Ուզբեկստանն ունեն աշխարհագրական, մասշտաբային, ինչպես նաև տրանսպորտային առավելություններ Հայաստանի և, օրինակ, Ղրղզստանի նկատմամբ։ ԵԱՏՄ անդամակցությունից բխող կարգավորման առավելությունները որոշակիորեն կոմպենսացնում են այլ տեղերում առավելությունների սահմանափակումը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրներ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները 2015 թվականի համեմատ աճել են 40 տոկոսով, իսկ Ադրբեջանի դեպքում տեղի է ունեցել 5 տոկոսի նվազում՝ այս տարիների ընդհանուր կտրվածքով վերցված: Այս թվերը խոսում են այն լրացուցիչ առավելությունների մասին, որոնք տալիս է անդամակցությունը։ Այդ առավելությունները տեսանելի են միայն դինամիկայում։ Այս առումով մեծ դերակատարություն ունի հնարավոր կոոպերացիոն կապերի ձևավորումը, ինչը կնպաստի համապատասխան ծավալների ավելացմանը և կլուծի իրացման ցանցերում հայտնվելու խնդիրը:

- Պարո՛ն Սարգսյան, եթե փորձենք ամփոփել 2019 թվականը, ինչպիսի՞ն էր այն ԵԱՏՄ-ի համար ընդհանուր առմամբ:

- ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման տեսանկյունից 2019 թվականը հագեցած էր, քանի որ այս տարի ստորագրվեց ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ երկու համաձայնագիր: Առաջինը Սինգապուրի հետ էր: Ինչպես գիտեք, Սինգապուրը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համարվում է տարածաշրջանի առաջատարներից մեկը: Այն նաև աշխարհի ֆինանսական հատվածի առաջնային կարևորություն ունեցող երկրներից է: Համաձայնագիրն ստորագրվեց 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում: Սինգապուրի հետ համաձայնագիրը բավականին կարևոր է ոչ այնքան դեպի այդ երկիր առանց մաքսատուրքերի ապրանքներ արտահանելու տեսանկյունից, որքան՝ պայմանավորված համաձայնագրի բնույթով։ Սինգապուր-ԵԱՏՄ համաձայնագրային փաթեթը ներառում է ներդրումների և ծառայությունների մասին հատված, ինչը խթանելու է սինգապուրյան ներդրումների հոսքը դեպի ԵԱՏՄ և հակառակը։ Մեր մյուս համաձայնագիրը Սերբիայի Հանրապետության հետ է: Պետք է նշել, որ այս երկրի հետ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) արդեն ունեն գործող ազատ առևտրի գոտու համաձայնագրեր, և նոր համաձայնագրով ԵԱՏՄ մյուս երկու անդամները՝ Հայաստանն և Ղրղզստանը, դարձան ազատ գոտու լիիրավ անդամներ: Սերբիայի հետ ազատ առևտրի գոտում առկա ապրանքների ցանկը ավելի լայն է, քան կար Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ գործող համաձայնագրերում:

Այս տարվա հոկտեմբեր ամսին ուժի մեջ մտան նաև նախորդ տարի Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ստորագրված առևտրային երկու համաձայնագրերը: Իրանը, ինչպես հայտնի է, կիրառում է ներմուծման բավականին բարձր մաքսատուրքեր, սակայն ժամանակավոր ազատ առևտրի գոտու համաձայնագրի շնորհիվ այդ մաքսատուրքերը նվազելու են մեր անդամ երկրների տնտեսվարողների համար, ինչը լավ հնարավորություն է ընձեռում սեփական արտադրության ապրանքները Իրանի՝ ավելի քան 80 միլիոնանոց շուկա արտահանելու համար: Այս տարի Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում, որին բարձր մակարդակով մասնակցում էր նաև Հայաստանը, մենք ստորագրեցինք ևս մեկ կարևոր պայմանագիր Չինաստանի հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին։  

- Բացի ազատ առևտրի գոտուն առնչվող չափազանց կարևոր վերոնշյալ համաձայնագրերի ստորագրումից, որոնք իրականություն դարձան նաև Հայաստանի շատ ակտիվ և արդյունավետ մասնակցության շնորհիվ, ինչպիսի՞ այլ նախագծեր հաջողվեց իրականացնել, օրինակ, աշխատանքի շուկային կամ թվային տեխնոլոգիաներին վերաբերող:

- Մեկնարկել է աշխատանքի շուկայի զարգացմանն ուղղված թվային նախագծերից մեկը, որը կրում է «Աշխատանք առանց սահմանների: Միասնական որոնման համակարգ» անվանումը: Այս նախագծի իրականացումը հնարավորություն կընձեռի՝ բարելավել Միության ներսում աշխատանքային պայմանները: Գտնվելով Միության երկրներից մեկում՝ քաղաքացին, աշխատանք փնտրողը կարող է էլեկտրոնային համակարգում տեղադրել իր անձնական տվյալները, որոնք հասանելի կլինեն մնացած բոլոր անդամ երկրների գործատուների համար և հակառակը՝ գործատուների կողմից տեղադրված հայտարարությունները հասանելի կլինեն աշխատանք փնտրողների համար: Հետագայում նախատեսվում է համակարգում ներդնել թվային աշխատանքային պայմանագրերի կնքման հնարավորություն: Կուզենայի հատուկ նշել, որ սա ոչ այնքան աշխատանքային միգրացիայի խթանման գործիք է, այլ աշխատանքային միգրացիայի արդյունավետության բարձրացում։ Մենք ակնկալում ենք, որ այս հարթակը իրար կկապի բարեկիրթ աշխատողին և բարեկիրթ գործատուին, կկրճատի միջնորդների դերը, որոնք գումար են աշխատում ի հաշիվ գործատուների և աշխատողների։ Ինչպես և ցանկացած ժամանակակից թվային հարթակ, այն կուժեղացնի վստահությունը կողմերի միջև, աշխատանքային շուկայից դուրս կմղի այն խաղացողներին, որոնք լիարժեք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Ինչպես «e-bay»-ում կամ «amazon»-ում դուք տեսնում եք գրանցված ընկերության կամ անհատի վարկանիշը, այստեղ նույնպես կտեսնեք գործատուի և աշխատանք փնտրողի վարկանիշը, ինչը ձեզ հնարավորություն կտա կատարել ճիշտ ընտրություն։

Մեզ հաջողվել է նաև համաձայնեցնել կենսաթոշակներին վերաբերող համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում ենք ստորագրել ս.թ. դեկտեմբերի 20-ին՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Դա կարևորագույն փաստաթուղթ է։ Այն հնարավորություն կտա անդամ երկրներում աշխատած անձանց թոշակի անցնելուց հետո, անկախ գտնվելու վայրից, ստանալ կենսաթոշակ, այսպես ասած, տեղի կունենա կենսաթոշակի «արտահանում»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում։