73 կողմ և 37 դեմ ձայներով ԱԺ-ն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

աժ

ԱԺ-ում քվեարկության է դրվել կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Օրենքի նախագիծն ընդունվեց 73 կողմ և 37 դեմ ձայներով:

Որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, հաշվի է առնվել միջազգային ու հատկապես սկանդինավյան երկրների փորձը: Այդ մասին նախագծի ընդունումից առաջ ասել էր արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան։

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման: Նախագիծն առաջարկում է նաև հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, այն է՝ հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ:

Նշենք, որ քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։