ԲՏԱ նախարարությունն ամփոփել է «Ծրագրավորման հիմունքներ» դրամաշնորհային մրցույթի արդյունքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

բտան

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի (Covid-2019) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։

Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում 18 հայտադիմումներից հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որը ծրագրի շրջանակներում շուրջ 2,000 մասնակցի համար կազմակերպելու է «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով երկամսյա առցանց դասընթացներ (շաբաթական առնվազն երկու անգամ հաճախականությամբ), որոնց կարող են մասնակցել Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիները։