«Արաբկիրում» չկա բուժաշխատողի վարակման դեպք. վերադառնում են պլանային գործողության ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

արաբկիրբհ

«Արաբկիր» ԲՀ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Արաբկիր» բժշկական համալիրը, որպես COVID-սպասարկող բուժհաստատություն, չունի բուժաշխատողների վարակման դեպքեր, բոլորի թեստերը տվել են բացասական պատասխան, և «Արաբկիրը» վերադառնում է պլանային գործողությունների ռեժիմին` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները.

«Առողջապահության նախարարության ծրագրով՝ COVID-19-ով վարակված երեխաների բարդացած, ինչպես նաև տարբեր հիվանդություններով զուգակցված դեպքերի բժշկական օգնությունը ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիրը:

Աշխատանքը կազմակերպելու համար համալիրը բաժանվել է երեք մասի.

Առաջինը COVID-վարակված պացիենտներին սպասարկող մասն է, որտեղ 1 ամիս անընդմեջ աշխատել են բուժաշխատողները` երկու հերթափոխով, իզոլացված պայմաններում:

Երկրորդ մասը COVID-կասկածելի և կոնտակտավոր պացիենտների ժամանակավոր մեկուսացման բաժանմունքն է, որտեղ իրականացվում է COVID-թեստավորում: Այս բաժնում նույնպես բուժաշխատողների մի մասը գտնվում էր մեկուսացված պայմաններում։

Երրորդ մասում բժշկական օգնություն են ստանում այն պացիենտները, որոնց  COVID-թեստը տվել է բացասական պատասխան կամ նրանք ի սկզբանե չեն համարվել COVID-կասկածելի:

Մտավախությունը, թե COVID-կասկածելի, կոնտակտավոր և հաստատված պացիենտների հետ աշխատողները վաղ թե ուշ վարակվում են կորոնավիրուսով, փարատվել է` շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ի  թիմի անթերի աշխատանքի: COVID-19-ը սպասարկող մեր բոլոր բուժաշխատողները ենթարկվել են թեստավորման և ստացել բացասական պատասխան: 

«Իզոլացված թոքաբանական /COVID/» և  «Ժամանակավոր մեկուսացման» բաժանմունքներում  աշխատանքը կազմակերպվել է հատուկ պաշտպանիչ համազգեստով և անհատական պաշտպանության մյուս միջոցներով: Նախքան այս բաժիններ աշխատանքի մտնելը բուժաշխատողները հատուկ դասընթաց են անցել. բժշկական համալիրի համաճարակաբանը նրանց սովորեցրել է աշխատանքի անվտանգության և կանխարգելիչ վարքագծի կանոնները:

COVID-19-ի նկատմամբ այս լոկալ հաղթանակը թույլ է տվել «Արաբկիր» ԲՀ-ին վերանայել աշխատանքի կազմակերպումը: Հատուկ բաժանմունքներում  հերթապահությամբ  աշխատող բուժքույրերն ու  սանիտարներն այսուհետ կկարողանան դուրս գալ բաժանմունքից և գիշերել տանը, իսկ բժիշկները COVID-պացիենտների առավոտյան համայցից հետո կշարունակեն իրենց աշխատանքը բժշկական համալիրում՝ սովորական ռեժիմով:

Արտակարգ իրավիճակում բժշկական օգնության կազմակերպումը մեծ ծախսեր է պահանջում, բայց ոչինչ չի կարող լինել ավելի թանկ, քան պացիենտների և բուժանձնակազմի առողջությունը»: