Գեղարքունիքի մարզի՝ Հայրենական մեծ պատերազմի 19 վետերանները դրամական պարգևներ կստանան

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News      

Գեղարքունիք

Մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 75 և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձերի առթիվ, Գավառ քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Հուշարձանի մոտ հոգևոր հայրերը հնչեցրին տերունական աղոթք՝ ի հիշատակ հայրենիքի համար մարտնչած հերոսների:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Մեծ Հայրենականի և Շուշիի ազատագրաման պայքարում մարտնչած հերոսներին` մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջ ու երջանիկ կյանք:
«Ես այսօր հայցում եմ Մեծ Հայրենականի և Շուշիի ազատագրման պայքարում կռիվ տված և հերոսացած քաջորդիների ներողամտությունը, քանզի երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված` մենք իրավունք չունեինք մեծ հավաքույթ կազմակերպել:

Անընդհատ մեր պապերի, մեր հերոսների սխրանքները հիշելով ու հարգելով` ուզում ենք, որ մեր ներկա սերնդի, մեր երեխաների համար դրանք պատմական դաս լինեն, իսկ մեզանում եղած տարբեր խնդիրներն այնպես կարգավորվեն, որ զերծ մնանք պատերազմի սպառնալիքներից: Սակայն այս ամենի համար նախ և առաջ պետք է ունենանք հզոր և ամուր հայրենիք, կայուն բանակ, ինչին էլ այսօր ձգտում են հասնել երկրի իշխանությունները»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ՝ մարզպետարանի կողմից դրամական պարգև է հատկացվել Գեղարքունիքի մարզում դեռեւս մեր կողքին ապրող Մեծ Հայրենականի 19 վետերաններին:

Նրանցից 9-ը ապրում են Մարտունու տարածաշրջանում, 6-ը՝ Գավառի, 2-ը՝ Վարդենիսի տարածաշրջաններում: 1-ական վետերաններ ունենք Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում: Մեծ Հայրենականի վետերաններին մարզպետի կողմից հատկացված պարգևները կփոխանցվեն մարզպետարանի աշխատակիցների միջոցով: