Հանրաքվե անելն անհնար է. քննարկվում է ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու տարբերակը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հանրաքվեի շրջանում մտադիր են եղել դիմելու Վենետիկի հանձնաժողովին:

«Առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի մենք հանրաքվե չենք կարող անել», - ասել է Փաշինյանը և հավելել, որ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել իրենց կողմից, քան հանրային առողջության շահն է։

«Հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից մենք չենք կարող սպասել ՍԴ-ի իրավիճակի լուծմանը, մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի:

Եթե նույնիսկ էդպես սպասենք, մենք առաջիկայում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորելու, էդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի», - ասել է վարչապետը, ապա տեղեկացրել, որ դիմել են Վենետիկի հանձնաժողով, և որ այժմ քննարկվում է ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով խորհրդարանում լուծելու տարբերակը:

«Մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարողանալու անել, բայց չենք էլ կարողանալու սպասել, հետևաբար, ոչ մի բան չի խանգարում՝ միջազգային մեր գործընկերների հետ մեր աշխատանքը մի քիչ կարգաբերենք ու ստանանք հնարավորինս արդյունավետ ու, եթե հնարավոր կլինի, կոնսենսուսային լուծումներ», - հայտարարել է վարչապետը։