«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 13, 24News

Thumbnail

«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի առաջիկայում ԱԺ 2018թ․ արտահերթ ընտրություններին։ Կուսակցությունն այդ առումով հայտարարություն է տարածել մասնակցության ձևաչափի վերաբերյալ:

Ստորև ներկայացնենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը,
Արձանագրելով ընտրական համակարգի փոփոխության հետ կապված Կառավարության ծրագրի տապալման փաստը,
Ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները,
Հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները,
Հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները,
«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝ առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նպատակ ունենալով նպաստել նոր, փորձառու, հայրենասեր, պատասխանատու գործիչների` Աժ-ում ներկայացված լինելուն՝ որոշեցինք,
1. Համագործակցել այլ կուսակցությունների կողմից առաջադրված անկուսակցական թեկնածուների հետ` նրանց աջակցելու նպատակով,
2. Բանակցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հետ` արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ,
3. Շարունակել հանդիպումներն ու քննարկումները ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի հետ` արտախորհրդարանական համագործակցության ձևաչափերի շուրջ:

«Արդարություն» կուսակցություն
Երևան, 13/11/2018»: