Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը բացառիկ փաստաթուղթ է․ Ազգային օրակարգ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է:

«30 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որը դարձավ մեր նորանկախ պետության առաջին հիմնադիր և իրավարար փաստաթուղթը՝ ամփոփելով իր մեջ պետականաստեղծման հիմնական սկզբունքներն ու արժեքները։

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը բացառիկ փաստաթուղթ է՝ թե՛ իր բովանդակությամբ և թե այն հանգամանքով, որ այն ձևավորվել էր իրական համաժողովրդական կոնսեսուսի արդյունքում, և հիմք դարձել մեր անկախ պետության վերականգման համար։ Թեև հռչակագրում նախանշված ոչ բոլոր նպատակներն են դեռևս իրականություն դարձել, սակայն միևնույն ժամանակ կարելի է փաստել, որ այն իր հիմնական դերը որպես անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմնադիր փաստաթուղթ, արդեն իսկ կատարել է։

Այժմ արդեն ժամանակն է եկել ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը, որն իր հիմքում ունենալով նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, կարտահայտի առավել լայն համազգային կոնսենսուսը և միտված կլինի ապագա առնվազն 100-ամյակի կտրվածքով հայկական երկու պետությունների հզորացմանն ու մեկ պետության մեջ միավորմանը, Հայոց ցեղասպանության և հայրենազրկման հետևանքների հաղթահարմանը, և հեռանկարում նաև հայկական քաղաքակրթության երբեմնի հզորության և փառքի վերականգման հիմնական ուղիների նախանշմանը։

Շնորհավո՜ր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը, փա՛ռք ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությանը»։

-- 00—ՄՀ