Ադրբեջանի ԶՈւ-ի նախահարձակ գործողությունները կստանան կործանարար հարվածներ. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սու

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին: 

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ  պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է։ 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին:   

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս