Յուրաքանչյուր զինծառայող պետք է վստահ լինի, որ հակառակորդից ավելի լավ է սպառազինված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

տոնոյան

«Մինչև պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների մշակումը, այսինքն՝ առաջիկա երկու տարիների համար մենք պետք է ունենանք պաշտպանության ոլորտի զարգացման որոշակի ուղենիշներ՝ հաշվի առնելով մեր անցած ճանապարհը և ապագային ուղղված մեր առաջնահերթությունները»: Այս մասին պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականում նշել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:
 
Պաշտպանության ռազմավարական վերանայումը փակ ու երկարատև գործընթաց է, և դրա ամբողջական արդյունքները հրապարակման ենթակա չեն: Այնուամենայնիվ, գործընթացի ավարտից հետո՝ մոտավորապես երկու տարի անց, ընդհանրական ձևով և թույլատրելիության սահմաններում մենք դրանք կհրապարակենք՝ որպես հանրային իրազեկման փաստաթուղթ,- նշել է նա:
«Այսպիսով` մեր պաշտպանունակության ամրապնդման և բանակի զարգացման առաջիկա երկամյա ժամանակահատվածի համար առնվազն մի քանի ուղղություններով կարող ենք յուրաքանչյուրիս և բոլորիս համար ուղենշել զինծառայողի անհատական մարտունակության հետևյալ գործոնները և պաշտպանական քաղաքականության հետևյալ հավաքական ջանքերը.

1. Կառավարման ուղղությամբ
Անհատական մարտունակության գործոնը. յուրաքանչյուր օղակում հրաման ստանալիս և կատարելիս զինծառայողը պետք է վստահ լինի, որ այն համակողմանիորեն գնահատված և հաշվարկված է, որ այն ստանում է ճիշտ պահին ու ժամանակին, և այն համապատասխանում է իր մարտական կարողություններին:

2. Վերազինման ուղղությամբ
Անհատական մարտունակության գործոնը. յուրաքանչյուր զինծառայող պետք է վստահ լինի, որ հակառակորդից ավելի լավ է սպառազինված և պատրաստված, իր զենքն ավելի դիպուկ է և հեռահար, իր սպառազինությունը բավարար է մարտական խնդիրը լուծելու համար, և յուրաքանչյուր պահի կստանա անհրաժեշտ մարտական աջակցություն»,- ասված է տեսլականում:

--0-- ՍՊ