Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի կոալիցիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

սահման զինվոր

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կոալիցիայի կողմից սանձազերծված ռազմական նոր էսկալացիայով։

Խմբի համանախագահները խստորեն դատապարտում են 2020 թ. սեպտեմբերի 27-ին, կիրակի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի գծի ողջ երկայնքով իրականացված պլանավորված լայնածավալ հարձակումը՝ ցամաքային, օդային և հրթիռային միջոցների կիրառմամբ։ Դիմելով Դաշնային խորհրդին՝ խնդրում են անմիջապես միջամտել անհապաղ կանգնեցնելու համար այս հարձակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքների և հատկապես քաղաքացիական բնակչության դեմ, որոնց շրջանում արդեն իսկ կան զոհեր։ Այս հարձակումները մեզ վերադարձնում են պատերազմի ամենադաժան շրջանը, երբ 1991-1992 թվականներին ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին Ստեփանակերտը։

Երեկ Ադրբեջանը հարձակվեց նաև Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և պատճառելով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Կեսօրից հետո, ռազմական հարձակում գրանցվեց անմիջականորեն Թուրքիայի կողմից, որը, խախտելով Հայաստանի օդային տարածքը, խոցեց հայկական բանակի ինքնաթիռ հենց Հայաստանի տարածքում, ինչը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։ Մեր Խմբի համանախագահությունը խստորեն դատապարտում է այս գործողությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։

Մեր Խմբի Համանախագահությունը սատարում է ԵԱՀԿ-ի ջանքերին, որի անդամ է հանդիսանում նաև Շվեյցարիան, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ներառում են ինքնորոշման իրավունքը, սահմանների անձեռնմխելիությունը և հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը։ Ուժի կիրառումը, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ, անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի։

Խմբի Համանախագահությունը մեծապես մտահոգված է նաև այս հակամարտության մեջ Թուրքիայի աճող դերակատարությամբ, ինչը ոչ միայն ավելին է, քան պարզ եղբայրական փոխհարաբերությունների դրսևորում Ադրբեջանի նկատմամբ, այլև՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում և ողջ տարածաշրջանի ապակայունացման լրջագույն գործոն։ 

1

--00—ԼՄ