Վրաստանը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News 

ֆեյք

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է՝ Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը:

«Կից ներկայացնում ենք Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությունը.

«Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել:

Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրև թե՝ «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը:

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը:

Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:

Ընդ որում՝ հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում ռազմական նշանակության որևէ բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել:

Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»:

--00—ՄՀ