Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր կոչին արձագանքած կամավորականների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ:

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ՝ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են ինչպես հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, այնպես էլ մարտական բարձր ոգով օժտված կամավորներ։

Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ թեպետ այսօր մեր հայրենակիցների մեծամասնությունը գտնվում է առաջնագծում, համախմբվելու և մարտական ջոկատ կազմելու իր կոչին կարճ ժամանակահատվածում արձագանքել են բազմաթիվ կամավորականներ: ԲՀԿ ղեկավարն ընդգծել է, որ ջոկատի բոլոր անդամները պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պարագաներով:

Սրանից զատ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ շարունակելու է լինել Արցախի պաշտպանության բանակի և հայ զինվորի կողքին, տրամադրելով անհրաժեշտ ամեն տեսակի աջակցություն: Բարգավաճ Հայաստան կուսակցության կամավորականների ջոկատը, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, առաջիկայում միանալու է հայոց բանակին՝ իր ներդրումն ունենալու հաղթանակի կերտման գործում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս